Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հոկտեմբերի 12-ին Բաքվի Յասամալ շրջանում դպրոց հրկիզելու փորձի համար վեց մարդ է ձերբակալվել։ Ըստ նախարարության՝ ձերբակալվածների թվում է նախկինում դատապարտված Մահամմադ Իսմայիլովը, որը կասկածվում է հրկիզման փորձը կատարելու մեջ։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Մյուս ձերբակալվածները նույն դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներ են։ Ադրբեջանի ՆԳՆ-ն միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չի ներկայացրել:
Հատկանշական է, որ այս օրերին Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցեր են անցկացվում և ամենայն հավանականությամբ՝ միջադեպն այդ ցույցերի հետ է կապված: Նմանատիպ մեկ այլ միջադեպի մասին է հաղորդվել Բաքվի Գարադաղի շրջանում, որտեղ այրվել է դպրոցի տնօրենի մեքենան։
Մինչև այժմ ցույցերի ընթացքում ձերբակալվել է առնվազն 37 մարդ:






