Իրանի Թեհրան և Թավրիզ քաղաքներում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ի աջակցություն Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ հանդես եկող աշակերտուհիների։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական «SNN»-ը։
Ակցիաների մասնակիցները աշխարհի մուսուլմաններին կոչ են արել այս հարցի նկատմամբ լռություն չպահպանել։ Դիմելով Ադրբեջանի նախագահին՝ նրանք զգուշացրել են, որ «Իլհամ Ալիևն իր հակակրոնական քաղաքականությամբ արժանանալեու է Ռեզա խանի ճակատագրին»։
Հիշեցնենք, որ բողոքի պատճառը Ադրբեջանում դպրոցական համազգեստի կանոնների փոփոխությունն է։ Սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կառավարությունը նոր պահանջներ է սահմանել, որոնց համաձայն՝ դպրոցներում չի թույլատրվում կրել «աշխարհիկ կրթության սկզբունքներին հակասող հագուստ»։ Փոփոխություններից հետո հիջաբ կրող աշակերտուհիներին և ուսուցիչներին թույլ չեն տվել մուտք գործել դպրոցներ։ Ի պատասխան՝ ծնողներն ու աշակերտները բողոքի ցույցեր են կազմակերպել։





