Իրաքում ՀՀ դեսպան Հրաչ Փոլադյանը Քրդական հայրենասիրական միության (PUK) կայքին տված հարցազրույցում անդրադարձել է հայերի և քրդերի հարաբերություններին, համեմատություններ անցկացրել երկու ժողովուրդների դեմ կատարված հանցագործություններին (Հայոց ցեղասպանություն, Անֆալ գործողություն), և թե ինչու Թուրքիան հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հարցազրույցը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև.
Դեսպանը նշել է, որ հայ և քուրդ ժողովուրդները երկար տարիներ կողք կողքի ապրել են նեղություններով և դժվարություններով՝ Օսմանյան կայսրության սահմաններում, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ժողովրդին և Իրաքի Քրդստանի ժողովրդին, ապա նրանց հարաբերությունները կարելի է որակել որպես լավ և բարեկամական:
«Մեր երկրի դիրքորոշումը Իրաքյան Քրդստանի նկատմամբ կարելի է համարել հատուկ դիրքորոշում, և դրա լավագույն ապացույցն Էրբիլում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության՝ Գլխավոր հյուպատոսության և հայկական մշակութային կենտրոնի բացումն է, ինչպես նաև առևտրատնտեսական կապերը: Հայաստանում կա քրդական, իսկ Իրաքյան Քրդստանում ՝ հայկական համայնք»,-ասել է դեսպանը:
Հարցին թե ի՞նչ ընդհանրություններ կան Հայոց ցեղասպանության և քուրդ ժողովրդի դեմ իրագործված Անֆալի գործողության միջև, դեսպանը նշել է, որ հարցը հետաքրքիր է, իսկ պատասխանը ՝ շատ պարզ:
«Կարծում եմ ` նմանություններ կարելի է գտնել միջազգային իրավունքի ոլորտում»:
Փոլադյանը ընդգծել է, որ ցեղասպանության ճանաչման հարցում արդարության հասնելը հաճախ ունի նաև քաղաքական չափումներ և ուղղված են տարբեր շահերի հասնելուն. շատ երկրներ ցեղասպանության ճանաչման հարցը չեն համարում գերակա և մարդկային բարձր արժեք, բայց դա խաղաքարտ է իրենց քաղաքականության կառուցման և երրորդ երկրի հետ հարաբերությունների զարգացման համար:
Դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ երկրները կանխում են նոր ցեղասպանություններ, որոնք, ցավոք, դեռ տեղի են ունենում աշխարհում (2014թ. Սինջարում եզդիների նկատմամբ), սակայն պետք է գիտակցել, որ բոլոր երկրների կողմից, բացառությամբ Թուրքիայի, Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող որևէ իրավական հետևանք ունենալ:
Հարցին, թե ինչու Թուրքիան հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Իրաքում ՀՀ դեսպանն ասել է, որ որոշները պնդում են, որ հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունը չի կարող որակվել որպես ցեղասպանություն, քանի որ կատարված ժամանակ ցեղասպանություն հասկացությունը գոյություն չուներ, նրանք իրենց տեսակետը հիմնավորում են հայտնի իրավական սկզբունքի վրա, որ «օրենքը հետադարձ ուժ չունի»:
«Իրավական նորմը հստակ նշում է, որ Հայոց ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է: Պատմության մեջ Հայոց ցեղասպանությունը որակվել է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, և հանցագործության կատարման ու իրականացման համար պատասխանատու է Թուրքիայի կառավարությունը»,-ասել է դեսպանը՝ շեշտելով, որ Թուրքիայի իշխանությունները, սակայն, հետապնդում են Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությունը և փորձում տարբեր ձևերով կասեցնել ճանաչումը՝ քարոզչություն, դիվանագիտություն, քաղաքականություն, գիտություն և հասարակություն:
«Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն հայ-թուրքական խնդիր է, այլ Թուրքիայի և միջազգային հանրության…Հայոց ցեղասպանությունն իրականություն է մեզ համար և միջազգային հանրության: Ժխտումը ապագա չունի ՝ անկախ նրանից, թե որ կողմը կամ մեթոդ են շրջանում: Չնայած թուրքական իշխանությունների՝ ճշմարտությունը ճնշելու բոլոր ջանքերին, ճշմարտությունն ի հայտ կգա ինքն իրեն: Հարկ է նշել, որ Թուրքիայի ներսում Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի բարոյահոգեբանական խոչընդոտներ, քանի որ այն կկործանի Թուրքիայի ժամանակակից պատմությունը ՝ հիմնված հարյուրամյա խարդախությունների, մանիպուլյացիաների և կեղծավորության վրա: Այս պատճառներով, Թուրքիան այսօր հերքում է օսմանցիների կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը»,-եզրափակել է դեսպանը: