Իրանական ԶԼՄ-ները անդրադարձել են Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին հայտարարությանը՝ ընդգծելով, որ պատմության ընթացքում նման միջանցք գոյություն չի ունեցել և դա պատմության խեղաթյուրում է: Շեշտվել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը դեմ է Իրանի շահերին:
Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից լավ կամ վատ օկուպացիա չկա, և այնպես, ինչպես «Ղարաբաղի օկուպացիան» է դատապարտելի, այնպես էլ դատապարտելի է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները:
Քազեմին շեշտել է, որ պատմության մեջ «Զանգեզուրի միջանք» կոչվող միջանցք գոյություն չի ունեցել և դա Բաքվի նոր պատմական կեղծիքն է ու որևէ իրավական հիմք չունի:
Փորձագետն ընդգծել է, որ Ալիևի խոսքերը ցույց են տալիս, որ Բաքվի նպատակը հաղորդակցական ուղիների բացումը, Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը և Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ: Շարունակելով միտքը՝ Քազեմին հավելել է, որ Թուրքիայի և «սիոնիստական ռեժիմի» (Իսրայել) նպատակների շրջանակներում Ադրբեջանը փորձում է «Զանգեզուրի միջանցքով» պանթուրքական աշխարհը կապել և տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական կարողությունները վերացնել, ինչպես նաև Իրանին հեռացնել տարածաշրջանային էներգետիկ անցուդարձից, զսպել Չինաստանին ու Ռուսաստանին և հարվածել «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծին:
Փորձագետը նաև շեշտել է, որ Իրանը դեմ է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը և հավելել, որ Ադրբեջանն ու Թուրքիան դա գիտակցում են, ուստի փորձում են բազմակողմ ծրագրի միջոցով Իրանի պասիվացնել և դա իրականացնել Իրանի ընտրություններին զուգահեռ:
Mehr լրատվական գործակալության կայքում հրապարակված հոդվածում ընդգծվել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները հակասում են Իրանի շահերին, և Իսլամական հանրապետությունը պետք է պաշտոնապես դատապարտեր նման նախագիծը: Շեշտվել է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, քանի որ այնտեղ խոսք է գնում հաղորդակցման ուղիների բացման մասին, ոչ թե Սյունիքի մեծության անցակետի ստեղծման: Ընդգծվել է, որ պատմության մեջ «Զանգեզուրի միջանք» անունով անցկակետ կամ միջանցք գոյություն չի ունեցել և դա պատմության խեղաթյուրում է: Նշվել է, որ Ալիևի հայտարարությունը սպառնալիք է եղել, որի նպատակը միջանցքի բացումն արագացնելն է: