«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների և հետպատերազմյան տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ» վեբինարի ընթացքում իրանագետ Ժաննա Վարդանյանը ընդգծել է, որ պատերազմից հետո տարածաշրջանի և հատկապես՝ Հայաստանի և Իրանի համար առաջ են եկել նոր մարտահրավերներ, որոնք նոր սրացման ու լարվածության հիմք կարող են հանդիսանալ:
Իրանագետ Վարդանյանը նախ շեշտել է, որ Արցախյան հակամարտությունը դեռ կարգավորված չէ. լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը և բացի այդ՝ Արցախի տարածքների մի մասը գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ: Իրանագետն ընդգծել է, որ Բաքուն ամեն կերպ փորձում է հայաթափել Արցախը և փոխել տարածաշրջանի դեմոգրաֆիական պատկերը:
Փորձագետը նաև շեշտել է, որ որևէ կերպ ընդունելի չէ Սյունիքի տարածքում միջանցքի ստեղծումը, ինչին, սակայն, ձգտում են Բաքուն ու Անկարան: Նա նշել է, որ Հայաստանը պետք է ամեն կերպ զարգացնի Սյունիքը, այդ թվում՝ մարզի ենթակառուցվածները: Ըստ իրանագետի՝ Սյունիքում իրանա-հայկական համատեղ նախագծեր կարող են իրականացվել:
Իրանագետ Վարդանյանը խոսել է նաև տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունից, Թուրքիայի ազդեցության աճից և Բաքու-Թել Ավիվ ռազմական համագործակցությունից բխող մարտահրավերների մասին: Իր ելույթի վերջում իրանագետը ընդգծել է հայ-իրանական հարաբերությունները բոլոր հարթություններում խորացնելու անհրաժեշտությունը: Իրանագետը կարևորել է նաև Իրանի և Հայաստանի հասարակությունների՝ միմյանց ավելի լավ ճանաչելը: Վարդանյանի խոսքով՝ չափազանց կարևոր է նաև երկու երկրների լրատվական դաշտի սերտ համագործակցությունը, ինչը կնպաստի սկզբնաղբյուրից տեղեկության ստացմանն ու ապտեղեկատվությունների կանխմանը: