Փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, ըստ որի՝ պաշտոնապես ավարտվում է 1990 թվականին Իրաքի կողմից Քուվեյթ ներխուժման հետևանքով հասցված վնասի փոխհատուցման հանձնաժողովի գործունեությունը», քանի որ Բաղդադը ավարտել է հանձնաժողովի սահմանած 52.4 միլիարդ ամերիկյան դոլարի վճարումները:
Ըստ ընդունված բանաձևի՝ Անվտանգության խորհուրդը որոշել է «դադարեցնել հանձնաժողովի գործունեությունը: Նշվում է, որ Իրաքի կառավարությունն այլևս չի պարտավորվում հանձնաժողովի կողմից կառավարվող հիմնադրամին վճարել «նավթի, նավթամթերքի և բնական գազի արտահանումից ստացված հասույթի տոկոսը»:
Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը ողջունել է Անվտանգության խորհրդի կողմից այս բանաձևի ընդունումը և բարձր է գնահատել դրա աշխատանքը՝ ավելացնելով, որ սա բազմակողմանի աշխատանքի հաջողակ օրինակ է:
Հիշեցնենք, որ փոխհատուցման հանձնաժողովը ստեղծվել էր 1991 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 692 բանաձևով: Բաղդադը պարտավորվել էր վճարել 52.4 միլիարդ դոլարի փոխհատուցում Քուվեյթի պետական կազմակերպություններին, ընկերություններին, անհատներին և այլոց, ովքեր ուղղակի վնասներ են կրել Պարսից ծոցի պատերազմի հետևանքով: 2014 թվականին Իրաքը դադարեցրել էր վճարումներ կատարելը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պատերազմի պատճառով, քանի որ վերջինս վերահսկում էր Իրաքի մեկ երրորդ հատվածը: Փոխհատուցման վճարումները Իրաքը շարունակել է կատարել 2018 թվականից: