Իրանի Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանում Թեհրանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ «Թուրքիայի ամբարտակաշինության հետևանքներն Իրանի շրջակա միջավայրի անվտանգության վրա» խորագրով քննարկում են անցկացրել: Այդ մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Քննարկման ընթացքում Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանի դասախոս, միջազգային հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանը ներկայացրել է, թե Անկարան ինչ ծրագրեր է իրականացնում ամբարտակաշինության ոլորտում:
Նա ընդգծել է, որ Տիգրիս, Եփրատ և Արաքս գետերի վրա ամբարտակների կառուցումն անմիջական ազդեցություն է թողնում նաև Իրանի վրա: Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Համիդ Հաքիմը նշել է, որ Թուրքիայի կողմից ամբարտակների կառուցումն ազդում է Իրանի շրջակա միջավայրի, պարենային անվտանգության,գյուղատնտեսության վրա, ինչն իր հերթին արտագաղթի, սոցիալական դժգոհության ու անհնազանդության պատճառ է դառնում: Նա շեշտել է, որ Թուրքիան ջրի հարցը քաղաքական զենք է դաձրել և Իրանի, Իրաքի, Սիրիայի, Հայաստանի դեմ որպես ճնշման լծակ է օգտագործում:
«Ներկայումս Թուրքիան այնպես է արել, որ մենք Իրանի ներսում ջրի համար պայքարի ականատես ենք լինում, և դա պայմանավորված է նրանով, որ Իլիսուի և Աթաթուրքի ամբարտակների ջրառի հզորությունն ավելի մեծ է, քան Իրանում կառուցված բոլոր ամբարտակների հզորությունը»,- նշել է Համիդը։ Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Փույան Բերլիանն էլ շեշտել է, որ իր քաղաքականությամբ Թուրքիան մի շարք միջազգային պարտավորություններ է խախտել: Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ Անկարայի կողմից ամարտակներ կառուցելու քաղաքականության դեմ պետք է պայքարել գործնականում, և ոչ թե միայն խոսելով: Ընդգծվել է ջրային ռեսուրսների կառավարման հարցում տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը: