ՀՀ իշխանություններն Արցախի իշխանություններին քանիցս հավաստիացրել են, որ առանց Արցախի հետ քննարկելու և Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Այս մասին սեպտեմբերի 19-ի ուղերձում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ հակամարտության կարգավորման ու անկախության միջազգային ճանաչման համար անհրաժեշտ են մի շարք պայմաններ՝ աշխարհաքաղաքական բարենպաստ վիճակ, անվտանգային գործուն երաշխիքներ, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության ու ախորժակի զսպման միջազգային կամք ու վարք: Դրանք, ըստ Արցախի նախագահի, այն նվազագույն պայմաններն են, որոնց ապահովման ուղղությամբ չպետք է ջանք ու եռանդ խնայենլ, իսկ դրա համար կրկին պետք է համախմբվել՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությամբ:
«Պետք է զինվենք համբերությամբ ու ռազմավարական պայքարով շարունակենք մեր ընտրած ճանապարհը՝ հստակ պահելով կարմիր գծերը: Համոզված եմ, որ խելամիտ, հետևողական ու ռազմավարական ջանքերի շնորհիվ մեր արդար նպատակն իրագործվելու է: Այդ կարմիր գծերի պահպանման համատեքստում են մեր այն հայտարարությունները, որ մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի մի մաս: Այդ առումով մենք պարբերաբար քաղաքական խորհրդակցություններ ենք անցկացնում ՀՀ իշխանությունների հետ, որոնց ընթացքում ներկայացրել ու ներկայացնում ենք մեր դիրքորոշումները Արցախի ապագայի, հատկապես՝ անվտանգության ու կարգավիճակի հետ կապված: ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց մեզ հետ քննարկելու և Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Կրկին անգամ հավաստիացնում եմ, որ մենք չենք ընդունելու Արցախի ժողովրդի շահերին հակասող որևէ փաստաթուղթ և այդ մասին հայտարարում եմ նաև հիմա՝ ի լուր աշխարհի»,- հավելեց նա:
Հարությունյանը ահմոզված է՝ ԼՂ հակամարտությունն պետք է կարգավորվի առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: Ինքնորոշման իրավունքը Արցախի ժողովրդին տրված է ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ փաստաթղթերով, այլև՝ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ փաստաթղթերով: Ավելին, ըստ Արցախի նախագահի, 44-օրյա պատերազմի հետևանքով անհիմն ու ժամանակավրեպ են դարձել հակամարտության կարգավորման հիմքում ընկած երեք սկզբունքներից երկուսը՝ տարածքային ամբողջականությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, իսկ ադրբեջանական ագրեսիան ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները անառարկելիորեն ամրապնդել են Արցախի ինքնորոշման իրավունքի լրիվ ճանաչման ու պաշտպանության անհրաժեշտությունը՝ որպես և՛ միջազգային հանրության կողմից չիրականացված սկզբունք ու պարտավորություն, և՛ Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխիք:
«Հետևաբար, առիթն օգտագործելով՝ կուզեի հերթական անգամ հորդորել միջազգային հանրության դերակատարներին կատարել իրենց պարտավորությունները և ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը: Անընդունելի ու անհիմն են փորձերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի միջոցով ստվեր գցելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա, քանի որ իրավունքը մշտապես գերակա է սկզբունքի հանդեպ: Տվյալ պարագայում, ինքնորոշման իրավունքի միակ սուբյեկտը Արցախի ժողովուրդն է, որը չի դադարեցնելու իր պայքարը սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը որոշելու և լիիրավ կերպով տնօրինելու համար, և վստահ եմ, որ այդ պայքարը շարունակվելու է ողջ հայ ազգի ու մեր արժեքահեն բարեկամների անվերապահ աջակցությամբ: Ինքնորոշման իրավունքի և մեր ազգային շահերի հիման վրա՝ մենք շարունակում ենք ձգտել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը, որը մեր ընտրած ուղին է 1991 թվականից ի վեր, որը, մյուս կողմից, չպետք է հարվածի տակ դնի Մայր Հայաստանի հետ ինտեգրման բարձր մակարդակը»,- հավելեց նա: