Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)-ին միանալու Թուրքիայի ձգտումների, Հայաստանի սահմանին Ադրբեջանի վերջին սադրանքների, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հարցերի վերաբերյալ Regionmonitor-ը հարցազրույց է անցկացրել ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի (ИМИ МГИМО МИД) առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևի հետ:
Վերջերս Սամարղանդում տեղի էր ունեցել ՇՀԿ-ի գագաթնաժողովը, որին ներկա էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ ՇՀԿ գագաթնաժողովից հետո Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ձգտում է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ։
Որքանո՞վ է հավանական, որ Թուրքիան կդառնա ՇՀԿ-ի անդամ:
Որքան գիտեմ, այնտեղ պետք է ընտրություն կատարել՝ կա՛մ ՆԱՏՕ, կա՛մ ՇՀԿ: Կարծում եմ, որ Թուրքիան ընտրության առաջ է կանգնելու։ Իսկ թե Թուրքիան ինչ ընտրություն կանի, կարող եք թուրք գործընկերներից հարցնել։
Չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին և Ռուսաստանի ներգրավվածությանը ուկրաինական ճգնաժամին, Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի քայլերը։
Ցանկացած երկիր ունի քաղաքական նպատակներին հասնելու տարբեր գործիքակազմ: Ցավոք, մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ ռազմական ճնշումը նման գործիքներից մեկն է: Արտաքին քաղաքականություն իրականացնելիս, երկրներն ընտրում են այս կամ այն գործիքակազմը՝ կախված իրենց առջև ծառացած խնդիրներից և մարտահրավերներից։
Որպես օրինակ կարելի է մատնանշել Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններն։ Տևական ժամանակ Ռուսաստանի համար Արևմուտքի հետ հարաբերություններում գլխավոր խնդիրը ՆԱՏՕ-ի ընդլայնումն էր դեպի Արևելք, և ընդհանրապես ռազմաքաղաքական ընդլայնումը Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Արդյո՞ք դա արդյունավետ միջոց էր: Արդյո՞ք այն խաղաղություն բերե՞ց։ Իհարկե ոչ: Ճնշման քաղաքականությունը մշտապես բերում է ոչ թե խաղաղություն հաստատելու ցանկություն, այլ պատասխան գործողություններ հակառակ կողմից:
Վերջերս Պրահայում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրախորհրդարանի ղեկավարի միջև: Կայացավ նաև երկկողմանի հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Էրդողանի միջև: Ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանն այդ հանդիպումների վերաբերյալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մոսկվան նույնպես ներգրավված է այս գործընթացներում։
Ըստ իս՝ Բրյուսելի կազմակերպած բանակցությունների նպատակը ոչ թե մնայուն խաղաղություն հաստատելն է, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը։ Եվրամիությունը, փորձելով Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, լիովին չի գիտակցում դրա հետևանքների մասին: Իրականում Ռուսաստանի դուրս մղումը Հարավային Կովկասից ամենևին չի նշանակում, որ եվրոպացիներն են գալու Մոսկվայի փոխարեն: Իրականում Թուրքիան է գալու:
Ինչո՞ւ են նրանք դա անում։ Այս հարցն ավելի լավ է տալ նրանց. Եվրամիությունն ու Արևմուտքն այժմ հակառուսական ուղեգծի մեջ են. Նրանք փորձում են հնարավորինս շատ վնաս հասցնել Ռուսաստանին, ինչը մենք տեսնում ենք Հարավային Կովկասի և Ուկրաինայի օրինակով։
Այս ամենը հաշվի առնելով՝ բովանդակալից արդյունքներ ակնկալել պետք չէ:
Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի լիակատար աջակցությունը, տորպեդահարում է կապուղիների ապաշրջափակման գործընթացը՝ օգտագործելով միջանցքային հռետորաբանություն ու տրամաբանություն։ Ինչպիսի՞ն է Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում։
Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում բազմիցս արտահայտվել է ռուս պաշտոնյաների կողմից։ Արտատարածքային միջանցքի մասին խոսք չի գնում։