Սիրիայի հյուսիսում գտնվող և ընդդիմադիր քրդերի կողմից վերահսկվող Ազազ քաղաքի ուղղությամբ հրթիռ է արձակվել: Սպանվել է 5 մարդ՝ այդ թվում մեկ երեխա, վիրավորվել՝ ևս 5-ը:
Հրթիռն արձակվել է քաղաքում գտնվող հիվանդանոցի ուղղությամբ:
Հայտնի չէ, թե հրթիռը որտեղից է արձակվել: Սակայն ուշագրավ է, որ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի սահմանին մոտ և հենց այն ժամանակ, երբ Թուրքիան նոր ռազմական գործողություն է սկսել քրդական ուժերի դեմ:
Իր հերթին Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հաղորդել է, որ Հալեպի հյուսիսային արվարձանում քրդական ուժերի ուղղությամբ 20 հրթիռ է արձակվել:
Նշենք, որ վերջին շրջանում թուրքական զինված ուժերը «Մագիլ-սուր» ռազմական գործողության շրջանակներում վերսկսել են Սիրիայում և Իրաքում քուրդ զինյալների հենակետերի ուղղությամբ հրթիռակոծությունները, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ: Ավելին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայում և Իրաքում 471 դիտակետեր է հրթիռակոծել և հավելել, որ ռազմական գործողությունները չեն սահմանափակվելի միայն օդային հարվածներով:
Հատկանշական է, որ Reuters-ը վկայակոչելով թուրքական և սիրիական ընդդիմադիր որոշ աղբյուրներ, գրել է, որ Թուրքիայի ռազմական ինքնաթիռներն առաջին անգամ են անցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից վերահսկվող օդային տարածք՝ քուրդ զինյալների վրա հարձակվելու համար:
Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ քրդական ուժերը նույնպես դիմել էին պատասխան քայլերի, հրթիռակոծելով Թուրքիայի սահմանային տարածը: Որոշ թուրքական աղբյուրներն էլ պնդում են, որ Սիրիայի կառավարական ուժերն էլ հրթիռակոծել են Թուրքիայի տարածքը:
Նշենք, որ Սիրիայի քրդական զինված ստորաբաժանումներն ստանում են ԱՄՆ-ի աջակցությունը, որը մեծ դժգոհություն է առաջացնում Թուրքիայում: Պաշտոնական Անկարան նույնացնում է իր տարածքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» Սիրիայում գործող քրդական ուժերի (YPG) հետ: Մինչդեռ ԱՄՆ չի կիսում թուրքական տեսակետը և համարում է, որ YPG-ն առնչություն չունի PKK-ի հետ և կարևոր գործոն է տարածաշրջանում տեղի ահաբեկչական և ծայրահեղական կառույցների դեմ պայքարում: