Ադրբեջանում տասնամյակներ շարունակ ակտիվորեն իրականացված հակաիրանական քարոզչությունը տարբեր շրջափուլերով դրսևորվել է հնարավոր բոլոր ոլորտներում` քաղաքական, կրոնական, տնտեսական, մշակութային և այլն։ «Ռուսը, պարսիկը, հայը թյուրքի թշնամիներն են» (ադրբ.` «Rus, fars, erməni, bunlar türkün düşməni») արտահայտությունն արտաքին և անվտանգային թեմատիկայով Ադրբեջանում տեղի ունեցող հասարակական տարաբնույթ ակցիաների կենտրոնական կարգախոսներից է, որը հերթական անգամ ցույց է տալիս այդ երկրի հասարակության շրջանում ատելության և թշնամանքի առկայությունը ոչ միայն հայերի, այլև Ադրբեջանի մյուս հարևան ժողովուրդների՝ իրանցիների և ռուսների հանդեպ. ընդ որում, հարկ է նշել, որ նման բնույթի որևէ բողոքի գործողություն չի կայանում առանց ադրբեջանական իշխանությունների ուղղորդման։
Արդեն արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում հակաիրանական քարոզչությունը նոր թեմատիկ արձանագրումներ է ստացել։ Ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, ի հակակշիռ թուրք-ադրբեջանական «Զանգեզուրի միջանցք» ծրագրի, տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականության պահպանման և սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ իրանական խոսույթն Ադրբեջանում ընդունվում և ներկայացվում է իբրև հայամետ քաղաքականության արտահայտում։ Իսկ հետպատերազմյան շրջանում երկկողմ հարաբերություններում տեղ գտած նոր վայրիվերումները, երկկողմ հարաբերություններում արձանագրված լարվածության նոր շրջափուլերն ուղեկցվել են նաև քարոզչական հարթությունում համակողմանի դիմակայությամբ։ Վերոնշյալ շրջափուլերից կարելի է առանձնացնել Հայաստանում Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի փակումն ադրբեջանցիների կողմից 2021 թվականի օգոստոս ամսին և իրանցի վարորդների ձերբակալումը սեպտեմբերին, Կասպից ծովում և Ադրբեջանի այլ շրջաններում Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների անցկացումը նույն տարվա սեպտեմբերին, 2022թ. սեպտեմբերից սկսված ադրբեջանաիրանական լարվածության վերջին փուլը՝ դարձյալ ուղեկցված զորվարժությունների տեսքով մանևրներով, «ազդեցության գործակալների որսերով», որը գագաթնակետին հասավ 2023 թ. հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի դադարեցմամբ ու աշխատակիցների տեղափոխմամբ Բաքու և այլն։ Լարվածության վերջին շրջափուլը տարբեր, այդ թվում քարոզչական և քաղաքական հռետորաբանության հարթություններում շարունակվում է մինչև այժմ։
Ադրբեջանում հակաիրանական քարոզչության կարևոր ուղղություններից է Իրան-Հայաստան հարաբերությունների թիրախավորումը։ Այս տեսանկյունից ադրբեջանական կողմին հատկապես գրգռում է վերջին շրջանում իրանական պաշտոնական հռետորաբանության մեջ առավել հաճախակի դարձած «Հայաստանի հետ սահման մեզ համար կարմիր գիծ է» կամ «Հայաստանի անվտանգությունը մեր անվտանգությունն է» և նման բովանդակությամբ այլ հայտարարությունները։
Բաքվի հակաիրանական քարոզչության առանցքային թեմաներից է նաև Իրանի՝ մեծամասամբ թյուրքախոս բնակչությամբ հյուսիսարևելյան շրջանների՝ «ադրբեջանական պատկանելության» կեղծ թեզի ակտիվ շրջանառումը, որն աստիճանաբար վերաձևակերպվում է համապատասխան քաղաքական ուղեգծի:
Հարկ է նշել, որ Ադրբեջանը հակաիրանական քարոզչության հարցում մշտապես ստացել է Թուրքիայի աջակցությունը: Երկու երկրներն էլ մշտապես շահարկում են այդ հանգամանքը՝ պաշտոնակական հռետորաբանության շրջանակում փաթեթավորելով որպես «ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության» անհրաժեշտություն։
Վերոնշյալի համատեքստում հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի հակաիրանական քարոզչական թեզերի շարքում կարելի է առանձնացնել մի քանի հիմնական ուղղություններ.
«Հարավային Ադրբեջան» կեղծ թեզի շրջանառումը
«Հարավային Ադրբեջանի» գոյության թեզն արդեն տասնյակ տարիներ ապրում է ադրբեջանական հասարակության գիտակցության մեջ: Այն ժամանակին շրջանառվել է նաև խորհրդային իշխանությունների կողմից, որոնք այդ կերպ ցանկանում էին կտրել Իրանի մշակութային, կրոնական, հետևաբար նաև քաղաքական ազդեցության լծակներն Ադրբեջանի վրա: Այս թեզը հետզհետե աճել ու վերածվել է մի մեծ հակագիտական «ճշմարտության», որի հունով էլ մինչ օրս գնում է Ադրբեջանի պետական քարոզչական համակարգը:
Ադրբեջանի իշխանությունը հավատացնում է սեփական ժողովրդին, որ Իրանի հյուսիսարևելյան տարածքներն իրականում (հիմնականում նշվում են Արևելյան Ատրպատական, Արևմտյան Ատրպատական, Արդաբիլ, Զանջան նահանգները) ադրբեջանական հողեր են:
Հերթական անգամ «Հարավային Ադրբեջանի» ու այնտեղ բնակվող «ադրբեջանցիների» թեման ակնառու կերպով սկսվեց վերաշրջանառվել 2022 թվականին՝ ամիսներ շարունակվող երկկողմ լարված հարաբերությունների ընթացքում:
Իրանում սեպտեմբերի 16-ին ազգությամբ քուրդ 22-ամյա Մահսա Ամինիի մահվանից հետո, որին սեպտեմբերի 14-ին ձերբակալել էին «անպատշաճ հիջաբ կրելու» մեղադրանքով, Ադրբեջանում հակաիրանական տրամադրություններին ավելացան նաև հակակառավարական քարոզչական թեզերը՝ անվանելով Իրանի կառավարությանը «մոլլաների ռեժիմ»։ Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո ցայժմ տարբեր մասշտաբի բողոքի ցույցեր են անցկացվում երկրի տարբեր շրջաններում, այդ թվում նաև թյուրքախոս իրանցիներով բնակեցված հյուսիսարևելյան նահանգներում։
Այս ընթացքում հակակառավարական բնույթի քարոզչական հոլովակները ողողեցին սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթը: Մամուլում հայտնվեցին պաստառներ Իլհամ Ալիևի լուսանկարներով և միասնականն Ադրբեջանի մասին գրություններով:
Ադրբեջանական մամուլում սկսեցին մի շարք նյութեր հրապարակել, որոնք ուղղված էին «Իրանի բռնապետական ռեժիմի տապալմանն ու կանանց իրավունքների վերականգնմանը»։ Դրան զուգահեռ` իրանցի կանանց կողքին ներկայացվում էին նաև «ադրբեջանցի» կանանց իրավունքների ոտնահարումն Իրանում։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքներով սկսեցին հրապարակվել տարբեր տեսահոլովակներ, որտեղ իրանցի կանայք հրապարակայնորեն պատռում են իրենց գլխաշորերն ու նետում կամ առհասարակ չեն կրում գլխաշոր հասարակական վայրերում։ Սա մեկնաբանվում է իբրև խիզախ քայլ` «ընդդեմ ռեժիմի»: Ի պաշտպանություն իրենց «իրանաբնակ քույրերի»` Ադրբեջանում ապրող կանայք ևս նմանատիպ տեսանյութեր էին նկարահանում ու տարածում տարբեր սոցցանցային հարթակներում։
Վերջին շրջանում հակակառավարական քարոզչությունն ու «Հարավային Ադրբեջանի» վերաբերյալ կեղծ պնդումները շատ հաճախ միահյուսված են հանդես գալիս:
Ադրբեջանական «XƏZƏR» հեռուստաընկերության հաղորդավարուհին անցյալ տարվա նոյեմբերի 7-ի երեկոյան լուրերի թողարկման ժամանակ իր ողջույնի խոսքում օգտագործում է «Հարավային Ադրբեջան» եզրը` «Այն կողմի և այս կողմի Ադրբեջա՛ն, բարի՛ երեկո։ Արդեն Հարավային Ադրբեջանով ենք ողջունելու։ Նախկինում Հարավային Ադրբեջան կամ հարավայինադրբեջանցիներ չէինք կոչում Իրանին չցավեցնելու համար, Իրանում ապրող ադրբեջանական թուրքեր էինք անվանում, բայց մոլլաների ռեժիմը մեր դեմ այնքան դիվերսիաներ է իրականացրել, որ ժամանակն է մենք էլ իրերն իրենց անուններով կոչենք» (0.10-0.38)։
Ադրբեջանական մեկ այլ հեռուստաալիքի` «Baku Tv»-ի հաղորդավարուհին Թավրիզի եղանակի տեսությունը ներկայացնելիս, ցուցադրաբար հանելով գլխին կապած գլխաշորը, ասում է. «Չնայած մասնակի ամպամածությանը՝ հավատում ենք, որ Թավրիզում միշտ արևոտ եղանակ է լինելու։ Առողջ եղե՛ք, թանկագի՛ն հարավային ադրբեջանցիներ»։
Նմանատիպ ուղերձները, որպես կանոն, Իրանի կողմից անարձագանք չեն մնում:
Ամիսներ առաջ Ալի Ալիզադեն, ով Իրանում Ադրբեջանի դեսպանն է, իր թվիթերյան էջում տեղադրել էր գիշերային Թավրիզի լուսանկարն ու կից գրել. «Թավրիզի գիշերները ևս գեղեցիկ են», որը մեծ աղմուկ էր առաջացրել Իրանում: Դրան ի պատասխան՝ օրեր անց Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին տեղադրեց մի տեսանյութ, որտեղ Ադրբեջանում ապրող մի ծերունի խոսում է թաթերեն Մազանդարանի մասին, ինչը ևս անտարբեր չթողեց ադրբեջանական կողմին:
Որպես Հարավային Ադրբեջանի հակաթեզ՝ իրանցիները մշտապես հիշատակում են Ադրբեջանի՝ արհեստածին լինելու հանգամանքը և այն փաստը, որ 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրով են այդ տարածքներն անցել Ռուսական կայսրությանը:
Ադրբեջանական պետական «İTV»-ին անցած տարի նոյեմբերի 2-ին հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ Մահմուդալի Չոհրագանլըն («Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի» շարժման նախագահն է, հայտնի անջատողական ակտիվիստ և իրանական կառավարության հայտնի քննադատներից մեկը) խոսում է Իրանի իշխանության պառակտման և անկման մասին՝ նշելով, որ նրանց վերջը մոտ է: Վերջինս իր խոսքում հիշատակում է Իրանի տարածքում ապրող 45 միլիոն ադրբեջանցու մասին, ինչը հերթական հակագիտական հայտարարությունն է:
Սակայն, ադրբեջանցիները սրանով չեն բավարարվում: Միլլի մեջլիսի իշխող կուսակցության պատգամավորներից Գուդրեթ Հասանգուլիևը, ով հայտնի է իր մի շարք սկանդալային հայտարարություններով, 2022թ. նոյեմբերի 29-ի նիստի ժամանակ առաջարկել է երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնել և Ադրբեջանն անվանել «Հյուսիսային Ադրբեջան», քանզի իրենք բաժանված են երկու մասի և, ինչպես այլ բաժանված ազգեր, այդպես էլ իրենք կարող են նման կերպ «ինքնանվանվել»:
«Կարծում եմ՝ սա նաև խթան կհանդիսանա Հարավային Ադրբեջանի հայրենակիցների համար»,- նշել էր նա։
Նմանատիպ հայտարարությունների ֆոնին, պարզ է, որ սեփական տարածքային ամբողջականության ու կայունության նկատմամբ չափազանց զգայուն Իրանի համար սա անընդունելի քայլ է: Ավելի վաղ, հիշեցնենք, որ իրանցի դիվանագետ Աբոլֆազլ Զոհրեվանդը հայտարարել էր, թե Հայաստանն ու հայերն Իրանի դաշնակիցներն են, մինչդեռ Ադրբեջանը քաղցկեղային գոյացություն և վտանգ է Իրանի քաղաքակրթական տարածքի համար, ինչը Բաքվի կողմից կրկին շահարկումների առիթ էր դարձել։
Բաքվի հերթական քայլն անցյալ տարեվերջին էր՝ դեկտեմբերի 31-ին ընդառաջ, երբ Ադրբեջանում նշվում է միասնության և համերաշխության օրը, Իրանում տարածվել էին պաստառներ, որտեղ գրված էր՝ «Առա՛ջ Իլհամի հետ», իսկ Բաքվի հասարակական վայրերում երևում էին «Հարավային Ադրբեջանի» դրոշներով գրություններ:
Ամփոփելով՝ պետք է նշել, որ ադրբեջանական քարոզչական դաշտում մասնավորապես Իրան-Ադրբեջան հարաբերություններում որևէ լարման ընթացքում ակտիվ շրջանառվող «Հարավային Ադրբեջանի» թեզը ոչ միայն կեղծ և հակագիտական է, այլև բացահայտ թիրախավորում է մերօրյա Իրանի տարածքային ամբողջականությունը։
Էմկար