Այս օրերին լրանում է մերօրյա աշխարհի ամենաարյունալի հիմնախնդիրներից մեկի՝ սիրիական հակամարտության 12-րդ տարին։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության ընթացքում զոհվել շուրջ 307 հազար քաղաքացիական անձ, բնակչության կեսից ավելին՝ մոտ 13,5 մլն մարդ ներքին տեղահանվածի և փախստականի կարգավիճակում է։
Չնայած վերջին 3 տարիների ընթացքում հակամարտության՝ համեմատաբար կառավարելի շրջափուլին, այնուամենայնիվ դրա վերջնական հանգուցալուծումը դեռևս տեսանելի չէ։ Սիրիայի տարածքում շարունակում են ռազմական ներկայություն ապահովել Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, ԱՄՆ-ը։ Պարբերաբար ակտիվանում են «Իսլամական պետություն» և «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումների սիրիական ճյուղավորումները։ Սիրիային հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգը հիմնականում գտնվում է ընդդիմադիր և ահաբեկչական տարաբնույթ խմբավորումների վերահսկողության ներքո, իսկ հյուսիս-արևելքում շարունակում են անվերահսկելի մնալ «ինքնավարության» ձգտող քրդական տարաբնույթ կառույցները։
Վերոնշյալին զուգահեռ, չափազանց էական է Սիրիայում շարունակվող ավելի ու ավելի խորացող հումանիտար ճգնաժամը, որի ծավալներն ավելի ընդլայնվեցին ս.թ. փետրվարի սկզբին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժի հետևանքով։ Դարձյալ ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ շուրջ 15,3 մլն մարդ Սիրիայում հումանիտար աջակցության կարիք ունի։ Հարյուր հազարավոր մարդիկ հատկապես երկրի հյուսիսում տանիքի և կենսական առաջին անհրաժեշտության ապրանքների կարքի ունեն, որոնց մատակարարման հարցում լրջագույն խնդիր է ոչ միայն չկարգավորված հակամարտությունը և մատակարարման խնդրահարույց ուղիները, այլև Սիրիայում գործող վարչակարգի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները։
Հատկապես ուկրաինական ճգնաժամի ֆոնին կենսական ծանր պայմաններում գտնվող միլիոնավոր սիրիացիների, այդ թվում նաև ավելի քան 25 հազար սիրիահայերի մասին աշխարհը, կարծես, մոռացել է։ Սահմանափակ երկրներ են, այդ թվում նաև՝ Հայաստանը, պարբերաբար աջակցում բարեկամական Սիրիային և սիրիացի ժողովրդին։ Մինչդեռ, ավաղ, նման աջակցության ծավալները չափազանց փոքր են։
Բայց Հայաստանը նաև այլ հարթությունում կարող է օգնել բարեկամական Սիրիային և նրա ժողովրդին։ Նաև Ադրբեջանի կողմից Քաշաթաղի միջանցքի՝ արդեն 100 օր շարունակվող արգելափակման համատեքստում միջազգային տարաբնույթ կառույցներում արցախահայությանը պատուհասած հումանիտար լրջագույն ճգնաժամի կողքին հիշատակելով նաև աշխարհի այլ վայրերեւմ, բայց հատկապես Սիրիայում միլիոնավոր բնակչության շարունակական զրկանքների մասին։
Արմեն Պետրոսյան