Ադրբեջան-Իրան հարաբերություններում մեկ այլ խնդիր է իրանամետների և իրանախոս ժողովուրդների, շիա ուղղության իսլամ դավանող մուսուլմանների հանդեպ հետևողական ճնշումն ու ասիմիլիացիայի փորձը։
Տարիներ շարունակվող այս գործընթացը մշտապես ուղեկցվել է ձերբակալություններով, իսկ խաղաղ և պատերազմական իրավիճակներում, որպես կանոն, առաջին գիծ կամ ռազմաճակատի առավել վտանգավոր հատվածներ են ուղարկվում թաթերը, թալիշները և այլ իրանական կամ ոչ թյուրքական ծագում ունեցող փոքրամասնություն կազմող ժողովուրդների ներկայացուցիչներ։ Իրանը, որպես կանոն, հենց այս բնակչության միջոցով է փորձում իր ազդեցությունն ամրապնդել Ադրբեջանում:
Պետք է նշել, որ այս շերտը փաստացի ադրբեջանական իշխանությունների հիմնական ընդդիմությունն է: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի ներսում քաղաքական ընդդիմությունը տասնամյակներ շարունակ ճնշվել է և ներկայում այնքան էլ մեծ ազդեցություն չունի, շիայական ընդդիմությունն Ադրբեջանի ներսում ամենաակտիվն է, որը երբեմն նաև քաղաքական պահանջներով է հանդես գալիս: Սա է պատճառը, որ շիա կրոնական գործիչների հանդեպ բռնաճնշումները Բաքվի կողմից նույնպես խնդիր են առաջացրել Իրան-Ադրբեջան հարաբերություններում։ Հատկանշական է, որ այս մասին իրանական մամուլը հաճախ է գրում:
Բազմաթիվ բանտարկության օրինակներից կարելի է առանձնացնել մեկը՝ 2020 թ․ փետրվարի 29-ին տեղի ունեցած «Ադրբեջանի իսլամական կուսակցության» ղեկավարի պաշտոնակատար հաջի Իլհամ Ալիևի ձերբակալությունը, ում մեղադրեցին հայրենիքի դավաճանության մեջ: «Ադրբեջանի իսլամական կուսակցությունը» հիմնադրվել է շիայական ավան Նարդարանում, որը Բաքվի արվարձաններից մեկն է և պահպանողական շիա իսլամի միակ կենտրոնն է Ադրբեջանում: 2002, 2006 և 2015 թվականներին Նարդարանում անցկացվել են բողոքի ցույցեր: Վերջին՝ 2015 թվականի դեպքերից հետո եղան տասնյակ ձերբակալություններ, սպանվեցին ոստիկաններ ու Նարդարանի բնակիչներ: Ձերբակալվածների թվում էր նաև Թահիր Բաղիրզադեն, ով Ադրբեջանում ամենաազդեցիկ շիա ակտիվիստն ու տեսաբանն է համարվում:
Այս առնչությամբ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն, հերթական անգամ առիթը բաց չթողնելով, մեղադրել է Հայաստանին։ Նրա խոսքով Ադրբեջանի ամենամեծ թշնամին Հայաստանն է, և Ադրբեջանում այս միջոցառման կազմակերպման մեջ կարող է Հայաստանի մատը խառը լինել, իսկ վերջում ավելացրել, որ Նարդարանի այս իրադարձությունները ճիշտ է լուծել ուժով։
Այս բախումից հետո Ադրբեջանի խորհրդարանը մի շարք փոփոխություններ դրեց քննարկման, որոնք վերաբերում էին կրոնական գործունեություն իրականացնելուն: Նախատեսվում էր արգելել արտասահմանում հոգևոր կրթություն ստացած անձանց Ադրբեջանում իսլամական ծեսեր և արարողություններ անցկացնել, ինչպես նաև քարոզներ կարդալ մզկիթներում: Դրանից բացի, արգելել կրոնական նշանակության պաստառների, իրերի, դրոշների և կարգախոսների ցուցադրությունը, բացառությամբ պաշտամունքի վայրերում, կրոնական կենտրոններում և գրասենյակներում, արգելել հանրայնորեն տոնել Շախսեյ-վախսեյի տոնը (շիա մուսուլմանների մոլեռանդ ողբահանդես՝ նվիրված Հուսեյին իմամի հիշատակին[1]) և Ադրբեջանի Հանրապետության այն քաղաքացիներն, ովքեր մասնակցել են ահաբեկչական գործողություններին և կատարել գործողություններ՝ ուղղված Ադրբեջանի սահմանադրական կարգը բռնի փոխելուն, կզրկվեն քաղաքացիությունից։ Ավելին, նրանք կզրկվեն քաղաքացիությունից նաև կրոնական կրթության անվան տակ օտար պետությունում կրոնական ծայրահեղական գործունեություն իրականացնելու և օտար պետություններում կրոնական հակամարտություններին մասնակցելու համար։
Արդաբիլ նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեյիդ Հասան Ամելին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, մեկնաբանելով Նարդարան ավանում հավատացյալների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումները, մասնավորապես, նշել էր. «Ադրբեջանում տեղի ունեցած միջադեպը տագնապալի իրադարձություն է», իսկ Արևելյան Ատրպատական նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Մոջթահեդ Շաբեստարին նույնպես դատապարտել էր Նարդարանում տեղի ունեցած միջադեպը և կոչ արել Ադրբեջանի իշխանություններին բռնություն գործադրելու փոխարեն մարդասիրություն ցուցաբերել մուսուլմաններին։
Նախորդ տարի՝ դեկտեմբերի 29-ին, ադրբեջանական մամուլում հրապարակումներ եղան, թե «ի նշան Իրանի վերջին հակաադրբեջանական քաղաքականության դեմ բողոքի՝ Ադրբեջանի մի քանի շրջանների հոգևոր առաջնորդներ ընդունել են հայտարարություն»։ Դրանում, մասնավորապես, ի թիվս տարիներ շարունակվող թեզերի, ասվում էր, որ Ադրբեջանի «ինքնիշխան տարածքի օկուպացիայի տարիներին» Իրանը Հայաստանին դատապարտող գեթ մեկ հայտարարություն չի տարածել, մինչդեռ 67 մզկիթներից 65-ը հայերի «օկուպացիայի» տարիներին ավերվել են:
Իրանախոս և շիա ուղղության իսլամ դավանողների հանդեպ Բաքվի վարչակարգի կողմից իրականացվող շարունակական բռնաճնշումներն, անշուշտ, իրենց հետքն են թողնում Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Սակայն, իրանական կողմն, իբրև Ադրբեջանի վրա ներքին ազդեցության լծակ, շարունակելու է օգտագործել այս իրանամետ տարրերին և նրանց միջոցով տարածել իր ազդեցությունը երկրի հասարակության ներսում։
[1]- Այդ օրը սպանվել է Իմամ Հուսեյնը՝ Մուհամմադ Մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի և Մուհամմադի հետևորդ, չորրորդ ուղղափառ խալիֆ ու շիաների առաջին իմամ Ալիի որդին, ով համարվում է շիաների երրորդ իմամը։ Մահվան օրը իսլամական Մուհարրեմ ամսվա 10-րդ օրն է, որը համընկնում է հոկտեմբերի տարբեր օրերին։ Ծիսակատարությունները տևում են 10 օր։ Աշուրայի արարողությանը պահպանողական շիաներն իրենց տանջում են, մինչև արյուն հեղվի, որպեսզի իրենց մաշկի վրա զգան Հուսեյնի տանջանքները։ Ներկայումս, սակայն, շիաների զգալի մասը սահմանափակվում է կուրծքը ծեծելով։ Ադրբեջանում այս օրն ընդհանուր առմամբ իշխանություններն արգելում են դաժան գործողությունները, հրապարակային միջոցառումները։ Թուլատրվում է չափավոր ծիսակատարություններ անցկացնել միայն մզկիթների տարածում։ Սակայն հատկապես Նարդարանում Աշուրայի սգո արարողությունը հաճախ վերաճել է կրոնական և սոցիալական պահանջներով ցույցերի։
Հոդվածի առաջին մասը՝ այստեղ:
Էմկար