Արաբա-իսրայելական հակամարտության ակունքները գալիս են դեռևս վաղնջական ժամանակներից: 19-րդ դարում Եվրոպայում հակասեմական տրամադրությունների աճը, հրեաների նկատմամբ հաճախակիացող հալածանքները հանգեցրեցին Համաշխարհային սիոնիստական շարժման ձևավորմանը: Դրա նպատակն էր հրեա ժողովրդի համար ստեղծել ազգային պետություն, որտեղ նրանք կարող էին ապրել ազատ և առանց ճնշումների: Որպես ապագա հրեական պետության վայր ընտրվեց Պաղեստինը՝ հրեաների պատմական հայրենիքը, որտեղից նրանք արտաքսվել էին դեռևս մ.թ. 1-ին դարում հռոմեացիների կողմից: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Պաղեստինն անցավ բրիտանացիների վերահսկողության տակ: Բայց արդեն 1947 թ. Մեծ Բրիտանիան հայտարարեց Պաղեստինի մանդատից հրաժարվելու և 1948 թ. մայիսի 15-ին շրջանից իր զորքերը դուրս բերելու որոշման մասին: Արդյունքում՝ 1947 թ. նոյեմբերի 29-ին 33 կողմ և 13 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի №181 (II) բանաձևը, որով Պաղեստինի տարածքը բաժանվում էր երեք հատվածի՝ Արաբական պետություն, Հրեական պետություն և Երուսաղեմ քաղաքը: Վերջինը ճանաչվում էր անկախ միջազգային գոտի: Եվ այս բաժանումը սկիզբ դրեց արաբա-իսրայելական պատերազմներին և հակամարտության սրմանը, որն իր լուծումը չի ստացել մինչև օրս՝ չնայած դրան ուղղված բազմաթիվ փորձերին։ Այս բոլոր գործընթացներում Հորդանանը թե՛ ուղղակի, և թե՛ անուղղակի կերպով կապված էր այս խնդրի հետ, իսկ հորդանանա-իսրայելական հակամարտությունն արաբ իսրայելական հիմնախնդրի առանցքային բաղադրիչներից էր։
Պաղեստինյան առաջին ինթիֆադայի (դիմադրություն/ապստամբություն) ընթացքում պաղեստինյան հասարակությունը հասկացավ, որ եկել է ժամանակը հակամարտության կարգավորման գործընթացն իր ձեռքը վերցնելու համար՝ հրաժարվելով այլ քաղաքական ուժերի և երկրների աջակցությունից և միջնորդությունից: Ինթիֆադայի բռնկումն անակնկալ էր թե՛ Իսրայելի, թե՛ Հորդանանի ղեկավարության համար, քանի որ խաթարում էր այս երկու երկրների միջև աստիճանաբար հասունացող քաղաքական համաձայնության գործընթացը, որի արդյունքում Հորդանանը ձգտում էր վերականգնել իր իշխանությունը պաղեստինյան տարածքներում:
Բախվելով պաղեստինցիների ինքնաբուխ ապստամբությանը և զգուշանալով իր երկրի պաղեստինցի բնակչության հակադրությունից՝ Հորդանանի Հուսեյն թագավորը 1988 թ. հուլիսի 29-ին հայտարարեց Հորդանան գետի Արևմտյան ափի հետ բոլոր իրավական և վարչական կապերի խզման և 1950 թ. ապրիլի 24-ի՝ գետի երկու ափերի միավորման մասին որոշման չեղարկման մասին[1]: Հորդանանի ժողովրդին ուղղված իր կոչում թագավորն իր այս որոշումը բացատրեց Պաղեստինի ժողովրդի ցանկությամբ՝ հիմնելու սեփական անկախ պետականություն և հավելեց, որ Հորդանանը շարունակելու է աջակցություն ցույց տալ «Պաղեստինի ազատության կազմակերպությանը» (այսուհետ ՊԱԿ), որը 1974 թ. Ռաբաթի վեհաժողովում ճանաչվել էր պաղեստինցի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ[2]:
1988 թ. նոյեմբերի 15-ին Ալժիրում կայացած Պաղեստինի ազգային խորհրդի 19-րդ նստաշրջանում ընդունվեց Պաղեստինի անկախության հռչակագիրը, որով հայտարարվեց Պաղեստինում արաբական անկախ պետության ստեղծման մասին[3]:
Ինթիֆադան և դրան հաջորդած իրադարձությունները ստիպեցին Իսրայելին փոխել վերաբերմունքը հակամարտության կարգավորման գործընթացի և ՊԱԿ-ի նկատմամբ: Հիմքեր ստեղծվեցին միջազգային խաղաղության վեհաժողովի հրավիրման համար, որն ընթացավ 1991 թ. հոկտեմբերին Մադրիդում: Պաղեստինը վեհաժողովին մասնակցում էր համատեղ հորդանանա-պաղեստինյան պատվիրակության կազմում: Չնայած տիրող անվստահության մթնոլորտին, համաժողովի ընթացքում հնարավոր եղավ հաստատել դեռևս Իսրայել-Եգիպտոս կարգավորման գործընթացում արդյունավետություն արձանագրած «Խաղաղություն՝ հողի դիմաց» սկզբունքը, որը դարձավ հետագա խաղաղության գործընթացի հիմքը[4]:
1992 թ. Իսրայելում իշխող Լիկուդ ազգայնական կուսակցությանը փոխարինեց Աշխատավորական կուսակցությունը՝ Իցհակ Ռաբինի գլխավորությամբ, ով հակված էր նոր մոտեցումներ ցուցաբերելու բանակցային գործընթացում[5]: Ռաբինի քաղաքականությունը նոր թափ հաղորդեց բանակցային գործընթացին, և Իսրայելի ղեկավարությունը համաձայնեց ուղիղ բանակցություններ սկսել ՊԱԿ-ի հետ:
Բանակցություններն ընթացան 1993 թ. հունվարից օգոստոս ամիսներին Նորվեգիայում, և ավարտվեցին 1993 թ. սեպտեմբերի 13-ին։ Սկզբունքների մասին հռչակագրի ստորագրմամբ, որի համաձայն՝ Իսրայելը պետք է զորքերը դուրս բերեր 1967 թ. Վեցօրյա պատերազմում գրավված տարածքներից, Արևմտյան ափում և Գազայի հատվածում պետք է անցկացվեին ընտրություններ, որոնց արդյունքում ձևավորված իշխանություններին պետք է աստիճանաբար փոխանցվեր այս տարածքների վերահսկողությունը, իսկ Պաղեստինի վերջնական կարգավիճակի շուրջ բանակցությունները պետք է սկսվեին հռչակագրի ստորագրումից հետո երկու տարվա ընթացքում[6]:
ՊԱԿ-ի և Իսրայելի միջև համաձայնագրի կնքումը գործողությունների ազատություն շնորհեց Հորդանանին: Չցանկանալով դուրս մնալ բանակցային գործընթացից՝ Հորդանանը Սկզբունքների մասին հռչակագրի ստորագրումից անմիջապես հետո Իսրայելի հետ հստակեցրեց ապագա բանակցությունների օրակարգը: Բուն բանակցությունները Հուսեյնի և Ռաբինի միջև սկսվեցին 1994 թ. մայիսից: 1994 թ. հուլիսի 25-ին Վաշինգտոնում ստորագրվեց հռչակագիր, որով վերջ դրվեց երկու երկրների միջև պատերազմական վիճակին և հիմք ստեղծվեց խաղաղության պայմանագիր կնքելու համար[7]:
Վերջնական խաղաղության պայմանագիրը կնքվեց 1994 թ. հոկտեմբերի 26-ին Հորդանանի և Իսրայելի սահմանին գտնվող Վադի Արաբա վայրում: Պայմանագրի համաձայն՝ երկու երկրները փոխադարձ ճանաչում էին միմյանց անկախությունն ու ինքնիշխանությունը, հաստատում դիվանագիտական հարաբերություններ[8]: Խաղաղության պայմանագրով պայմանավորվածություններ էին ձեռք բերվում Հորդանանի և Իսրայելի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև Հորդանան և Յարմուք գետերի ջրային ռեսուրսների բաժանման և համատեղ կառավարման մասին:
Վադի Արաբայի խաղաղության համաձայնագիրը նաև հստակեցնում էր երկու երկրների միջև անցնող միջազգային սահմանը, որի մեծ մասն անցնում էր Հորդանան և Յարմուք գետերով և Մեռյալ ծովով: Սահմանային կարգավորման մեջ հատկանշական է երկու վիճելի տարածքների՝ Բակուրայի (եբր.՝ Նահարայիմ) և Ալ-Ղամրի (եբր.՝ Զոֆար) հարցը, որը կարգավորվում էր համաձայնագրի հավելվածներով: Երկու տարածքներն էլ գտնվում էին Հորդանանի հովտում՝ գետի ձախ՝ հորդանանյան ափին: Դրանցից մեկը՝ Բակուրան կամ Նահարայիմը, որը գտնվում էր Հորդանան և Յարմուք գետերի միախառնման վայրում, իսրայելական վերահսկողության ներքո էր 1948-1949 թթ. արաբա-իսրայելական պատերազմից ի վեր. այնտեղ 1950-ականներից գյուղատնտեսական գործունեություն էին իրականացնում հարակից իսրայելական կիբբուցների բնակիչները: Երկրորդը՝ Ալ-Ղամրը կամ Զոֆարը գրավվել էր իսրայելական բանակի կողմից Վեցօրյա պատերազմի ժամանակ, և այնտեղ հիմնվել էր ևս մեկ հրեական բնակավայր:
Վադի Արաբայի համաձայնագրի I (B) և I (C) հավելվածների համաձայն՝ Իսրայելը ճանաչում էր Հորդանանի ինքնիշխանությունը համապատասխանաբար Բակուրայի և Ալ-Ղամրի տարածքում[9]: Միաժամանակ, այս տարածքներում գործունեություն ծավալող իսրայելցի հողատերերը իրավունք էին ստանում ազատ ելումուտ անել տարածքում և շարունակել իրենց գյուղատնտեսական գործունեությունը: Այս հավելվածների գործողության ժամկետ էր սահմանվում
25 տարին, որից հետո դրանք կարող էին կամ ինքնըստինքյան երկարաձգվել, կամ չեղարկվել կողմերից մեկի պահանջով[10], ինչն էլ հետագայում տեղի ունեցավ 2019 թ. Աբդալլահ Երկրորդի որոշմամբ:
Այսպիսով, Բակուրայի և Ալ-Ղամրի խնդրի փոխզիջումային լուծումը ճանապարհ հարթեց սահմանային խնդիրների լուծման համար և դարձավ հորդանանա-իսրայելական տնտեսական համագործակցության առաջին գործուն օրինակներից մեկը: Այլ ոլորտներում համագործակցությունը Հորդանանի և Իսրայելի միջև 1990-ական թթ. ընթացքում մնում էր դեռևս բավականին ցածր մակարդակի վրա: Դրանում բնականաբար ազդեցություն ունեին երկու երկրների և հասարակությունների միջև պահպանվող անվստահության և թշնամանքի մթնոլորտը, ինչպես նաև պաղեստինյան հարցում ժամանակ առ ժամանակ առաջ եկող լարվածությունը:
Հորդանանի և Իսրայելի միջև տնտեսական հարաբերությունները զարգացման նոր փուլ թևակոխեցին 21-րդ դարում, երբ Հորդանանում Հուսեյն բին Տալալի մահից հետո՝ 1999 թ. փետրվարին գահ բարձրացավ նրա որդին՝ Աբդալլահ Երկրորդը: Վերջինս նպատակ սահմանեց Հորդանանը վերածել ժամանակակից և զարգացած պետության, որի համար առանցքային էր նաև արտաքին տնտեսական հարաբերությունների և ներդրումային միջավայրի զարգացումը, այդ թվում՝ հարևանների հետ:
Գոռ Ալեքսանյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանող
Հրապարակված հոդվածում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակի կարծիքը և կարող են չհամընկնել «Region Monitor»-ի խմբագրության տեսակետների հետ:
[1] Disengagement from the West Bank, (Source: http://www.kinghussein.gov.jo/his_periods9.html, date of access: 11.03.2023)
[2] King Hussein, Adress to the Nation, 31.07.1988, Amman, (Source: http://www.kinghussein.gov.jo/88_july31.html,date of access: 11.03.2023)
[3] Հովհաննիսյան Ն. (2007), Արաբական երկրների պատմություն, հ. 4 էջ 313
[4] Այս սկզբունքը ենթադրում էր պաղեստինյան տարածքների օկուպացիայի աստիճանական վերացում՝ պաղեստինցիների կողմից ռազմական գործողությունների դադարեցման դիմաց: Հովհաննիսյան Ն, (2007), Արաբական երկրների պատմություն, հ. 4, էջ 315
[5] Звягельская И.Д. (2012), История Государства Израиль, Москва 247-248
[6] Звягельская И.Д. (2012), История Государства Израиль, Москва стр. 250
[7] Merhav R., Giladi R.M. (2002), The Role of the Hashemite Kingdom of Jordan in a Future Permanent-Status Settlement in Jerusalem, Jerusalem: A City and its Future (ed. by M.J.Breger and O.Ahimeir), Syracuse University Press, p. 178
[8] Israel-Jordan Peace Treaty, 26 October 1994, Israel Ministry of Foreign Affairs, (Source: https://mfa.gov.il/mfa/foreignpolicy/peace/guide/pages/israel-jordan%20peace%20treaty.aspx, date of access: 17.03.2023).
[9] Israel-Jordan Peace Treaty, ibid, Annex I (B), Article 2; Annex I (C), Article 2.
[10] Ibid, Annex I (B), Article 6; Annex I (C), Article 6.