Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական հերթական սադրանքի նպատակն է զրոյացնել Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում արձանագրված առաջընթացը և խաթարել Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին հայտարարեց Կառավարության հերթական նիստի ժամանակ։
Կառավարության ղեկավարը նախ ներկայացրեց իրավիճակն առաջնագծում։
«Այսօր 06։00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային զենքերից ինտենսիվ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ՝ հարվածներ հասցնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին։ Ակտիվ հրետակոծության ինտեսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո։ Մեր կողմից կան 4 վիրավորներ, որոնց շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են և այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-ից-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում։
«Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները։
Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաները օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա»,- ընդգծեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մայիսի 10-ի հաղորդագրությունները Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին մտացածին են։
«Նման տեղեկատվություն հորինվում է իրադրությունը սրելու համար։ Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություն ձեռքբերելու միջոցով։ Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով՝ որևէ միջադեպ չի գրանցվել և ադրբեջանական ապատեղեկատվական մեքենան հետին թվով այդ լուրը հորինել է իրադրությունը սրելու համար։ Իսկ իրադրության սրման հիմնական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է և հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը»,- եզրափակեց վարչապետը։