Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահական արտահերթ ընտրություններում նախագահ է ընտրվել Մասուդ Փեզեշքիանը։ Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, թե Իրանի նախագահական ընտրություններում հաղթած Մասուդ Փեզեշքիանն «իրականում թուրք է», Գերմանիայից վերադառնալիս, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել էր նա։
«Մասուդ Փեզեշքիանն իրականում ադրբեջանական ծագումով թուրք է։ Օրինակ՝ Թավրիզում նա խոսում է թուրքերեն։ Բայց երբ գնում է քրդաբնակ շրջաններ, այնտեղ էլ կարող է քրդերեն խոսել»,- ասել էր Թուրքիայի նախագահը։
Էրդողանը հավելել էր նաև, որ կապ կհաստատի Իրանի նորընտիր նախագահի հետ և կշնորհավորի նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Անկարան և Թեհրանը կշարունակեն զարգացնել արտաքին քաղաքական բոլոր տեսակի հարաբերությունները։
Ի դեպ, Մասուդ Փեզեշքիանի ընտրվելուց առաջ էլ թուրք-ադրբեջանական տանդեմը մշտապես հայտարաում էր, որ վերջինս «թուրք է»։ Ի դեպ հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը, որը դադարեցվել էր 2023 թվականի հունվարին, դեսպանատան վրա զինված հարձակումից հետո:
168.am-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն ասաց, որ իրականում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից այդ ամենը հետապնդում է զուտ քարոզչական նպատակ։
«Կարծում եմ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից նման շեշտադրումները, որոնք հնչում են թե՛ քարոզչական, թե՛ պաշտոնական մակարդակում, առավելապես քարոզչական դրական ֆոն ապահովելու համար են, ոչ ավելին։ Նրանք այդ դրական ֆոնն ապահովում են Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականությունն Իրանի հետ հիմնավորելու համար, սա որպես հոգեբանական ու քարոզչական միջոց օգտագործելու տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի վրա իրենց ճնշումները խորացնելու համար։
Իրանի նախորդ կառավարությունը նախ խնդիրներ ուներ Ադրբեջանի իշխանությունների հետ, նաև Թուրքիայի հետ կային որոշակի խնդիրներ։ Բացի այդ, Իրանի նախորդ կառավարությունը բացահայտ սկզբունքային քաղաքականություն էր վարում Հայաստանի հետ, նոր նախագահի օրոք հնարավոր է՝ այդ ամենը փոխվի, որովհետև նա թուրքախոս է, և այլն։ Կրկնում եմ՝ սա ավելի շատ քարոզչական ու հոգեբանական հարթությունում է, որովհետև գիտենք, որ Իրանում արտաքին քաղաքականությունը մշակվում է հոգևոր առաջնորդի և նրա մերձակա շրջապատի կողմից։ Իսկ նախագահի պաշտոնը, ինչպես, օրինակ, նախագահական երկրներում վարչապետի պաշտոն է, այսինքն՝ պրակտիկ գործադիրի ղեկավարի պաշտոն է, որ իրականացնում է հոգևոր առաջնորդի կողմից իջեցված ծրագրային դրույթների համաձայն»,- նշեց Արմեն Պետրոսյանը։
Հարցին՝ Իրանի նախագահական ընտրություններից հետո Հայաստանն ի՞նչ անելիքներ ունի, ինչպիսի՞ քաղաքականություն պետք է վարի՝ Իրանի հետ հարաբերություններն ավելի զարգացնելու ու ամրապնդելու համար, Արմեն Պետրոսյանը պատասխանեց՝ Հայաստանը պետք է ակտիվ ու նախաձեռնող լինի, իսկ ներկայում՝ ավելի քան։
«Ինչպես արդեն ասացի՝ Թուրքիան ու Ադրբեջանը ստեղծում են դրական ֆոն Իրանի հետ իրենց հարաբերությունները վերանայելու համար։ Կանխատեսվում է, որ առաջ է մղվելու փափուկ ուժն ու դիվանագիտությունը։ Փորձելու են Իրանի դիրքորոշումների վրա տարբեր հարցերում ազդել։ Իսկ Հայաստանն այս պարագայում պետք է նախաձեռնող լինի և թույլ չտա, որպեսզի Թուրքիա-Իրան և Իրան-Ադրբեջան հարաբերություների կանխատեսվող ակտիվությունն ազդի Իրան-Հայաստան հարաբերությունների վրա։ Գոնե քարոզչական մակարդակում, եթե ոչ՝ խորը ռազմավարական հարթությունում, Ադրբեջանն ու Թուրքիան փորձելու են ազդել Իրանի դիրքորոշման վրա՝ իրենց համար կարևոր հարցերը տարածաշրջանում առաջ մղելու համար։ Դրանց մեջ, օրինակ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրն է, մեր տարածաշրջանում տարբեր արտատարածաշրջանային խաղացողների ակտիվացմանը խոչընդոտելուն միտված քայլերը։ Իհարկե, նաև տարածաշրջանային տարբեր ձևաչափերի առաջմղումը, ի դեմս «3+3» ձևաչափի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում սեպտեմբերին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրա հնարավոր ազդեցությանն Ադրբեջանի վարած քաղաքականության վրա, Արմեն Պետրոսյանն ասաց, որ այդ ընտրությունները չեն կարող որևէ բան փոխել Ադրբեջանի քաղաքականությունում, քանի որ դրանք ընթացիկ ընտրություններ են, որոնք ավելի վաղ են տեղի ունենում, որպեսզի չհամընկնեն Բաքվում նոյեմբերին անցկացվելիք COP-29 համաժողովի հետ։
«Ադրբեջանում քաղաքական ուժերին անկնկալի բերելու համար հերթական անգամ Իլհամ Ալիևը արտահերթ ընտրություններ է իրականացնում։ Սակայն ընտրությունների հիմնական նպատակն այն է, որպեսզի ինչպես իր ընտրություններում, այնպես էլ հիմա գործող վարչակարգը վերահաստատվի՝ բնականաբար, արդեն ավելի ինքնավստահ կերպով»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։