Իրանը Կովկասում ներկայության համար Հայաստանի կարիքն ունի: Նման տեսակետ է հայտնել իրանցի միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը՝ «Վաթանէ էմռուզ» օրաթերթում հրապարակված հոդվածում:
Մովահեդիանի խոսքով՝ երկու երկրները պետք է ամրապնդեն երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Միջազգայնագետը կարծում է, որ Իրանը պետք է ներդրումներ անի Հայաստանի էներգետիկ, ճանապարհաշինության և այլ ոլորտներում: Ըստ նրա՝ տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը պահպանելու, աշխարհի հետ կապն ապահովելու համար Հայաստանն ունի Իրանի կարիքը:
Իրանցի միջազգայնագետը կարծում է, որ Իրանը պետք է ուշադրություն դարձնի ողջ հայ հասարակությանը՝ ներառյալ իշխանությանը, ժողովրդին, քաղաքական խմբակցություններին և եկեղեցու ինստիտուտին։ Նրա խոսքով՝ Իրանը պետք է համագործակցի ՀՀ կառավարության հետ աշխատատեղեր ստեղծելու հարցում, հատկապես՝ Սյունիքում:
Մովահեդիանն անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցին՝ նշելով, որ Արևմուտքը ճնշումներ է գործադրում «միջանցքի» բացման համար, ինչին կողմ է նաև ՌԴ-ն: Նրա կարծիքով՝ Կովկասում ՌԴ ազդեցության սահմանափակումը հնարավորություն է Իրանի դերակատարման մեծացման համար: Իրանը պետք է անկախ քաղաքականություն որդեգրի Հարավային Կովկասում:
Իրանցի միջազգայնագետը տեսակետ է հայտնել այն մասին, որ Թեհրանը չպետք է հետևի ՌԴ-ի, Թուրքիայի և Արդբեջանի վարքագծին և խիստ դատի Հայաստան-Արևմուտք համագորածկցությանը: Մովահեդիանը հավելել է, որ Ադրբեջանն ավելի սերտ համագործացություն ունի ՆԱՏՕ-ի հետ, իսկ Թուրքիան էլ դրա անդամ է:
«Չպետք է Ալիևին ու Էրդողանին թույլ տալ օգտվել Իրանում հակաամերիկյան տրամադրություններից և Հայաստանին շատ քննադատելով՝ ստիպել ավելի մերձենալ Արևմուտքին»,- գրել է Էհսան Մովահեդիանը: