ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը:
Վարչապետը ողջունել է Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն և կարևորել Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում՝ անվտանգության ու տնտեսության ոլորտներում:
«Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք ուզում ենք ամրապնդել և ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, մեր պետականությունը, և այս ճանապարհին, իհարկե, Ֆրանսիայի աջակցությունը մենք շատ բարձր ենք գնահատում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է նաև ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում աջակցություն ցուցաբերելու Ֆրանսիայի պատրաստակամությունը:
Ստեֆան Սեժուրնեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես շեշտել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացման կարևորությունն անվտանգության ու տնտեսության բնագավառներում:
«Ֆրանսիան Հայաստանի կողքին է և շարունակելու է իր աջակցությունը հայ ժողովրդին, մենք նաև բոլոր ջանքերը գործադրել ենք, որպեսզի ամրապնդվեն հարաբերությունները մեր երկու ժողովուրդների միջև»,- նշել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը: