«Այս պահին Իրան–Թուրքիա սահմանին հազարավոր մեքենաներ են կուտակվել, վարորդները որոշումների են սպասում»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանն այն մասին, որ Թուրքիայի որոշումը՝ Իրանից եկող բեռնատարները լրացուցիչ մաքսելու վերաբերյալ, խնդիրների և դիվանագիտական շփումների պատճառ է դարձել։
«Խնդիրը բավականին խորքային է, երևի թե սկսվում է Իրանից, գալիս է այդ երկրում էներգակիրների էժան լինելու և դրանց սուբսիդավորված լինելու հարցից։ Այդ խնդրին լուծում տալու համար Իրանի կառավարությունը տարբեր միջոցառումներ է նախատեսում, որոնցից մեկը եղել է այսպես կոչված «լիքը բաքի» նախագծի ներդրումը։ Սա ենթադրում է, որ և՛ իրանական և արտասահմանյան բեռնատարները Իրանից դուրս գալիս պետք է կա՛մ լիարժեք լիցքավորեն բաքը, կա՛մ դրան համարժեք գումար վճարեն՝ ընդ որում՝ վճարումը ոչ սուբսիդավորված գներով»,–ասաց իրանագետը։
Նրա խոսքով, դա առաջացրել է ոչ միայն թուրքական կողմի դժգոհությունը, խնդրին բախվել են նաև իրանցի և հայ վարորդները։ Իրանական կողմի այս որոշմանն ի պատասխան Թուրքիան որոշել է վերացնել այն արտոնությունը, որը իրանական բեռնատարները նախկինում ունեին։
«Այժմ իրանական բեռնատարներից յուրքանչյուր լիտր վառելիքի համար գանձելու են շուրջ 29 լիրա, մեկ բեռնատարի համար գումարի չափը կարող է կազմել մոտ 1000 դոլար։ Իրանցի վարորդներն այժմ չեն պատրաստվում վճարել այս գումարը, հրաժարվում են երթևեկել, թուրք–իրանական սահմանին զգալի հերթեր են գոյացել։ Կան նաև լուրեր, որ ի պատասխան Թուրքիայի որոշմանը, Իրանը դիզվառելիք չի վաճառում թուրքական բեռնատարներին, բայց այս լուրերի իսկությունը դեռևս կասկածելի է։ Այս պահին Իրան–Թուրքիա սահմանին հազարավոր մեքենաներ են կուտակվել, վարորդները որոշումների են սպասում։ Հավանական է, որ կողմերը փոխադարձ արտոնություններ կսահմանեն։ Նման տարբերակ էլ է քննարկվում, որ գուցե որոշ անցակետերում ամբողջական բաք լցնելու այդ պահանջը վերացվի։ Իհարկե, սա միայն լրատվամիջոցների մակարդակով է»,–հավելեց նա։
Լրագրողի ճշգրտող հարցին այն մասին, որ ստացվում է՝ հաշվի առնելով, որ Թուրքիայում էներգառեսուրսների գները բավական բարձր են, իսկ Իրանում ցածր, ապա թուրքական կողմն այդ գնային տարբերությու՞նն է փորձում գանձել, իրանագետը պատասխանեց.
«Այո, Թուրքիան սա ձեռնարկել է որպես պատասխան միջոց, քանի որ Իրանում էներգառեսուրսները միշտ շատ էժան են եղել, անգամ այն պայմաններում և դրանք թանկացնում են, հարևան երկրների համար շարունակում են էժան լինել։ Սա նաև մաքսանենգության համար պարարտ հող էր ստեղծում։ Իրանի կառավարությունն այս որոշումը հիմնավորում է, թե միտված է մաքսանենգությունը կանխելուն և նվազեցնելուն։ Իրանում էլ շատ պաշտոնյաներ կասկածանքով են վերաբերում դրան՝ համարելով, որ դա խնդրի լուծում չէ, և վնասում է հենց իրանցի արտահանողին»,–ասաց Ժաննա Վարդանյանը։
Նրա խոսքով, Իրանի կառավարությունը մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում կարող է նաև բենզինի գինը թանկացնել, ինչը սակայն շատ զգայուն հարց է իրանցիների համար։
«2019 թվականին, երբ բենզինը թանկացրին, Իրանում բազմահազարանոց ցույցեր սկսվեցին, որոնք ավարտվեցին 200–ից ավելի զոհով»,–հավելեց իրանագետը։
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ բեռնափոխադրումներն իրականացվեն Հայաստանի տարածքով, Ժաննա Վարդանյանը պատախանեց.
«Չեմ կարծում, թե հնարավոր է, որ բեռնափոխադրումների այն ամբողջ ծավալը, որ իրականացվում է Թուրքիայի տարածքով, կարող է իրականացվել Հայաստանի տարածքով։ Մենք չունենք ենթակառուցվածքների այդ թողունակությունը»։
Լրագրողի հարցին այն մասին, թե Իրանի և Թուրքիայի սահմանին ծագած խնդիրը արդյո՞ք միայն տնտեսական կամ տեխնիկական հարց է, թե՞ քաղաքական բաղադրիչ էլ կարող է ունենալ, իրանագետը պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ ավելի տեխնիկական խնդիր է, քան քաղաքական։ Այդ որոշումը միայն Թուրքիային չէր առնչվում, այլ բոլոր հարևաններին, մենք ինքներս էլ բախվել ենք այդ խնդրին։ Պարզապես հաշվի առնելով, թե որքան շատ են բեռնափոխադրումները Իրանի և Թուրքիայի միջև, առաջինը կտրուկ արձագանքողը եղել է Թուրքիան»։
Երբ Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել էր բեռնափոխադրումների խնդրին, Ադրբեջանական մամուլում մեկնաբանվել էր, թե իբրև Իրանի պատվիրակությունը գնալու է Թուրքիա՝ քննարկելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է իրանական կողմն արձագանքել այդ խեղաթյուրմանը, Ժաննա Վարդանյանը պատասխանեց.
«Իրականում խնդիրը սկսել է հենց իրանական կողմից, որովհետև լրատվամիջոցները իրենց ԱԳՆ խոսնակի հայտարարությունը ներկայացրել են խեղաթյուրված։ Հարց է հնչել բեռնատարների խնդիրների հետ կախված և նաև «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։ ԱԳՆ խոսնակը խոսել է բեռնատարների խնդիրի մասին և ենթադրել, որ պետք է պատվիրակություն մեկնի Թուրքիա, լրատվամիջոցներն այդ ամենը վերագրել են «Զանգեզուրի միջանցք» հարցին»։