Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս կարծիքն է արտահայտված The Wall Street Journal (WSJ) հոդվածում։
Այս երկրները Սիրիայի նոր վարչակազմին առաջարկել են ֆինանսական և տեխնիկական աջակցություն քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման և էլեկտրաէներգիայի մատակարարման համար: Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ծրագրում են օգնել Սիրիային։
Պարբերականի կողմից հարցված վերլուծաբանների կարծիքով՝ արաբական միապետությունները, Դամասկոսին օգնություն տրամադրելով, ցանկանում են նվազագույնի հասցնել Սիրիայում նոր իսլամիստական շարժումների առաջացման և ահաբեկչական խմբավորումների ակտիվացման ռիսկերը, ինչպիսիք են «Ալ-Կաիդան», «Իսլամական պետությունը» և «Մուսուլման եղբայրներ»:
«Սաուդյան Արաբիայի նպատակն է հակակշռել Թուրքիայի զգալի ազդեցությունը նոր Սիրիայում»,- թերթը մեջբերում է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի պրոֆեսոր Ֆավազ Գերգեսի խոսքերը։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, «Էր-Ռիադը, որը Թեհրանին պարտվել է Սադամ Հուսեյնի տապալումից հետո Իրաքում ազդեցության համար պայքարում», Սիրիայում մարդասիրական օգնությունն օգտագործում է որպես «Անկարային հակազդելու միջոց»։ Թերթը նշում է, որ «թագավորության մրցակցությունը Թուրքիայի հետ ձգվում է մինչև Օսմանյան կայսրության դարաշրջան և ժամանակակից պատմություն՝ Արաբական գարնանից հետո Մերձավոր Արևելքում ազդեցության համար պայքարի ժամանակներ»։