Իսրայելը ցանկանում է հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ օբյեկտներին, սակայն այս փուլում դեռևս չի ստանում Վաշինգտոնի համաձայնությունը։ Այս մասին իսրայելական 14-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Միացյալ Նահանգները ներկայում թույլ չի տալիս հարվածել իրանական էներգետիկ ենթակառուցվածքներին՝ մտահոգություն ունենալով, որ Թեհրանը կարող է պատասխան հարվածներ հասցնել հարևան երկրներին և հանգեցնել նավթի համաշխարհային ճգնաժամի։ Կացը միևնույն ժամանակ վերահաստատել է, որ Իրանի կողմից նոր հարձակման դեպքում Թեհրանը ստանալու է «հզոր պատասխան»։
Հիշեցնենք, որ տարածաշրջանում իրավիճակը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարեց, որ Իրանի հետ հունիսի 18-ի գիշերը ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնագիրն այլևս չի գործում։ Դրանից հետո ամերիկյան զինուժը շուրջ երկու շաբաթ հարվածներ է հասցրել Իրանի ուղղությամբ, ինչը ներկայացրել է որպես պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ Թեհրանի գործողություններին։
Ի պատասխան ամերիկյան հարվածների՝ Թեհրանը փակել է Հորմուզի նեղուցը, հարվածներ հասցրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման հուշագիրը խախտելու մեջ։







