Իրանի Ճանապարհային բեռնափոխադրումների կազմակերպության տարանցման և միջազգային բեռնափոխադրումների գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյեդ Հոսեյն Հոսեյնին «ԻԼՆԱ» լրատվական գործակալության հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Թեհրանի և Երևանի միջև տարանցիկ համագործակցության ընդլայնման վերջին պայմանավորվածություններից։
Իրանցի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ Թեհրանն ու Երևանը ծրագրել են երկկողմ առևտրի ծավալը հասցնել 3 միլիարդ դոլարի։ Նրա խոսքով՝ այս նպատակի իրագործումը պարտադիր չէ, որ պահանջի խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում. «Այս տեսլականին կարելի է հասնել նաև գործընթացների դյուրացման, երթևեկության կարգավորման և գործադիր ընթացակարգերի բարելավման միջոցով»,- ընդգծել է Հոսեյնին։
Անդրադառնալով Երևանում և Թեհրանում տեղի ունեցած ինտենսիվ բանակցություններին՝ պաշտոնյան նշել է, որ հայկական կողմին առաջարկվել է համագործակցությունը դուրս բերել միայն երկկողմ հարաբերությունների շրջանակից և աշխատել «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի նոր ճյուղի զարգացման ուղղությամբ։ Հոսեյնիի փոխանցմամբ՝ թեև միջանցքի հիմնական հատվածն անցնում է Կասպից ծովով և Ադրբեջանով, Իրանի կողմից Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը հնարավորություն են տալիս ձևավորել այլընտրանքային ճյուղ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ։
Իրանցի պաշտոնյան հավելել է, որ Հայաստանը կարող է առանցքային դերակատարում ունենալ նաև «Պարսից ծոց – Սև ծով» երթուղում՝ օգնելով Թեհրանին դիվերսիֆիկացնել առաջնային անհրաժեշտության ապրանքների ներկրումը: «Այս երթուղին Իրանի լուրջ այլընտրանքներից մեկն է՝ առաջնային անհրաժեշտության ապրանքների ներկրման ուղիները դիվերսիֆիկացնելու համար»,- ընդգծել է պաշտոնյան:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը մինչ օրս լիարժեք չի օգտագործել իր տարանցիկ ներուժը, մինչդեռ երկկողմ համագործակցության շնորհիվ հայկական երթուղին կարող է վերածվել ակտիվ ու տնտեսապես ձեռնտու ուղու։ «Թեև Իրանը Վրաստանի և Կովկասի հետ իր կապի հիմնական մասն իրականացնում է Ադրբեջանի տարածքով, երկու երկրների համագործակցության շնորհիվ Հայաստանի երթուղին նույնպես կարող է վերածվել ակտիվ ու տնտեսապես ձեռնտու ուղու և դյուրացնել Իրանի ելքը դեպի Ռուսաստան, Կովկաս և նույնիսկ Եվրոպա»,- նշել է նա:
Հոսեյնին, նշելով, որ մինչ օրս երկու երկրների համագործակցությունը հիմնականում կենտրոնացած է եղել երկկողմ առևտրի վրա, ընդգծել է. «Հայաստանից դեպի Վրաստան և այլ երկրներ իրականացվող տարանցման ծավալն այժմ շատ չնչին է և մոտ է զրոյի, սակայն վերջին բանակցությունների նպատակն է այս երթուղին վերածել ակտիվ և ապագայում ծանրաբեռնվածության համար պատրաստ առևտրային միջանցքի»։
Հոսեյնիի խոսքով՝ երկու երկրների միջև քննարկվող ամենակարևոր հարցերից է Արաքս գետի վրա սահմանային երկրորդ կամրջի կառուցումը։ Նա հայտնել է, որ իրանական կողմը հայկական գործընկերներին է փոխանցել կամրջի տեղակայման և տերմինալների զարգացման տեխնիկական առաջարկները.
«Հայկական կողմին հայտնել ենք, որ եթե նոր կամրջի կառուցման համար համատեղ ներդրում է իրականացվելու, այս նախագիծը չպետք է լինի լոկ երկկողմ առևտուրն ավելացնելու նպատակով, քանի որ Հայաստանի ներքին շուկան սահմանափակ է, և նման ներդրումների տնտեսական հիմնավորվածությունը կախված է Իրանը տարածաշրջանային և եվրոպական շուկաներին միացնելու նպատակով այս երկրի տարանցիկ ներուժի օգտագործումից»,- շեշտել է նա։
Պաշտոնյան տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը մեկ շաբաթվա ընթացքում պետք է ուղարկի իր առաջարկները, ինչից հետո՝ երկու շաբաթ անց, կանցկացվի համատեղ տեխնիկական նիստ։
Հոսեյնիի հաղորդմամբ՝ ենթակառուցվածքների և սահմանային ընթացակարգերի ամբողջական արդիականացումը կտևի շուրջ երկու տարի։ Ըստ նրա նախատեսվում է սկզբնական շրջանում սահմանային թողունակությունը օրական 300-350 բեռնատարի հասցնել, իսկ ենթակառուցվածքների ավարտին զուգահեռ՝ ցուցանիշը պետք է հասնի օրական 1000 բեռնատարի (500 մուտք և 500 ելք)։
Իրանցի պաշտոնյան եզրափակել է, որ նույնիսկ բեռնատարների 20-30%-ի դատարկ լինելու դեպքում, Հայաստանի տարանցիկ երթուղու տարեկան թողունակությունը կարող է հասնել շուրջ 5 միլիոն տոննա ապրանքի՝ Իրանի համար հուսալի այլընտրանքային առևտրային միջանցք ապահովելով։
«Այն պայմաններում, երբ Իրանը ստիպված է օգտագործել այլընտրանքային նավահանգիստներ և երթուղիներ, թեև Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, սակայն կարող է կարևոր դեր խաղալ տրանսպորտային շղթայի ամբողջացման գործում։ Օգտագործելով այս երկրի ներուժը և այն միացնելով Սև ծովի նավահանգիստներին՝ հնարավորություն կստեղծվի առաջնային ապրանքների մի մասը տեղափոխել Իրան: Այս երթուղու զարգացման նպատակն առկա մյուս միջանցքների կողքին այլընտրանքային տարբերակ ստեղծելն է, որպեսզի հատուկ պայմաններում երկիրը կարողանա Սև ծովի և Հայաստանի երթուղով առավել հուսալիորեն ապահովել իր ներկրման կարիքների մի մասը»,- շեշտել է նա։








