Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Facebook սոցիալական ցանցում հրապարակվել է բանտից նրա նամակը, որտեղ նա մանրամասներ է ներկայացրել իր ազատազրկման պատճառների մասին՝ պնդելով, որ իր դեմ սկսված գործընթացը քաղաքական պատվեր է:
«Անցյալ տարի մեկնարկած այսպես կոչված «կոռուպցիայի դեմ պայքարի» արշավի հիմնական նպատակն էր ինձ բանտարկել և քաղաքականապես ոչնչացնել։ Ես լիակատար պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ամեն ինչ արել եմ՝ խուսափելու համար բախման մեջ մտնել թիմի և ինձ համար թանկ մարդու հետ։ Հենց այդ նպատակով եմ հրաժարվել իրավական պայքարից և մինչև վերջ հետևել եմ ինձ համար կործանարար գործընթացին՝ չվնասելու պետության և թիմի շահերը։ Ցավոք, դրա դիմաց ես ստացա բեմադրված կեղտոտ սադրանք, բազմաթիվ ստեր և անարդարություն։ Հանրությունն այս ամբողջ ընթացքում ինձնից ոչ մի բառ չի լսել»,- գրել է Ղարիբաշվիլին։
Նամակում Ղարիբաշվիլին տեղեկացրել է, որ հուլիսին նամակ է ստացել ուժային կառույցները համակարգող պետնախարար Մամուկա Մդինարաձեից: Չնայած նա վերահաստատել է քաղաքականություն չվերադառնալու իր որոշումը, իշխող թիմից իրեն հայտնել են, որ դեռևս առկա է 1% ռիսկ, որի չեզոքացման համար անհրաժեշտ է կոռուպցիոն նոր մեղադրանք առաջադրել և ապահովել նրա մեղքի ընդունումը: Ղարիբաշվիլին ընդգծել է, որ սա իր համար «կարմիր գիծ» էր, ինչն էլ ստիպել է իրեն այլ ելք չունենալու պատճառով դիմել պայքարի:
Մամուկա Մդինարաձեի մամուլի ծառայությունը Ղարիբաշվիլիի հայտարարությունները որակել է «լիակատար աբսուրդ»: Միևնույն ժամանակ, Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ընթացքում ձեռնպահ է մնացել նամակի բովանդակությունը մեկնաբանելուց՝ նշելով, որ էթիկապես ճիշտ չէ մեկնաբանություններ անել իրեն նախորդած վարչապետի հայտարարությունների վերաբերյալ:







