Իսրայելական «The Jerusalem Post»-ը անդրադարձել է թուրքական ներխուժման հետևանքով Սիրիայի քրիստոնեական համայնքների առջև ծառացած վտանգներին, մասնավորապես՝ Թել Աբյադի հայկական եկեղեցու պղծմանը։
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ չնայած Անկարան պնդում է, որ պայքարում է ահաբեկչության դեմ, այնուամենայնիվ Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ծայրահեղական խմբավորումները սրբապղծել են հայկական եկեղեցին և շարունակաբար կրակում են Թել Թամրի քրիստոնեական համայնքի ուղղությամբ:
Ըստ հոդվածագրի՝ ամերիկացի պաշտոնյաները գիտեին քրիստոնյաներին սպառնացող վտանգների մասին և Թուրքիային հորդորել են կառավարել իրենց ծայրահեղականներին:
Regionmonitor.com-ը ներկայացնում է հոդվածը՝ համառոտ.
«2014թ.-ից ԻԼԻՊ-ի գրոհայինները թիրախավորել են Սիրիայի հյուսիս-արևելքում բնակվող քրիստոնյաներին: Խաբուր գետի երկայնքով 33 քրիստոնեական գյուղ կար՝ բնակեցված ասորիներով և հայերով, 20.000 մարդուց այժմ 1000-ն է մնացել՝ հաստատվելով Թել Թամրում կամ Կամշլիում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցեղասպանության ենթարկված հայերը կրկին վախենում են իրենց ապագայի համար: Նկարներ են տարածվել, որ Թել Աբյադում սրբապղծվել է հայկական եկեղեցին: Կոտրել են Սուրբ Մարիամի արձանը և պղծել այլ սրբապատկերներ: Թուրքամետ ուժերը հայտարարել են, որ եկեղեցի են մտել այն մաքրելու համար: Թել Աբյադում հայկական եկեղեցու շուրջ վեճը ի ցույց է դնում, թե ինչպես են հակամարտության երկու կողմերը ձգտում շեշտադրել քրիստոնյա փոքրամասնության հարցը: Թուրքամետ լրատվամիջոցները հայտնել են, որ եկեղեցին «բաց է աղոթելու համար» հենց նույն օրը, երբ տարածվեցին եկեղեցու սրբապղծման նկարները: Ինչևէ, հավատացյալների տարածած լուսանկարները մի քանի օր առաջ էին արվել: Լուսանկարներում չեն երևում խաչեր կամ քրիստոնեական այլ խորհրդանիշներ, ինչը մատնացույց է անում, որ դրանք միտումնավոր հեռացվել են: Պարզ չէ նաև, թե ով է սիրիացի ապստամբական խմբերին թույլ տվել «վերականգնել» եկեղեցին: Թուրքիայի ՊՆ-ն և մամուլը հայտնել են, որ Թուրքիան է «վերականգնել» եկեղեցին՝ պնդելով, որ PKK-ն եկեղեցին որպես կենտրոնակայան է օգտագործել: Սակայն ոչ մի ապացույց: Այստեղ շատ տարօրինակ հարցեր են առաջանում. ի՞նչ ապացույց կա, որ PKK-ն է այն օգտագործել, ի՞նչ է ասում տեղի հայ համայնքը, ինչու՞ է եկեղեցին առաջին հերթին փակ եղել, Սիրիայի այլ շրջաններից հայերը կարո՞ղ են եկեղեցի այցելել: Այս հարցերից ոչ մեկին չի պատասխանել կողմերից որևէ մեկը, հատկապես թուրքականը, որը վերահսկում է այս շրջանը:
Շատ բան պատերազմի մշուշի մեջ է, սակայն պարզ է, որ Թել Թամրում ապրող մյուս քրիստոնյաները ևս մտահոգված են, պարզ է նաև, որ ԱՄՆ-ն Թուրքիայի հետ ամենաբարձր մակարդակով բարձրացրել է այս հարցը՝ այնպես, որ չմտածեն ԱՄՆ-ն հեռանում է այն տարածքներից, որտեղից փախչում են քրիստոնյաները»,- ասվում է հոդվածում: