Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու և ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Նա Հայաստանին խորհուրդ է տվել հաշվի առնել Թուրքիայի և Եվրամիությանն անդամակցության թեկնածու այլ երկրների փորձը։ Փոխանցում են ռուսաստանյան ԶԼՄ-ները:
«ԵՄ-ին անդամակցության հայտի վերաբերյալ ես անընդհատ խորհուրդ եմ տալիս հիշել Թուրքիայի, ինչպես նաև մի շարք այլ երկրների փորձը։ Հայտը ներկայացնելուց հետո անցել են տասնամյակներ, իսկ սայլը դեռ տեղում է»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ հայտը ներկայացնելուց հետո Հայաստանը պետք է սկսի օրենսդրության համապատասխանեցման գործընթաց տարբեր ոլորտներում՝ առևտրից և բուսասանիտարական կարգավորումներից մինչև մաքսային համակարգ։
Պեսկովը նշել է, որ եվրոպական չափանիշները չեն համընկնում Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության տարածքում գործող կանոնների հետ։ «Այստեղ մենք կբախվենք խորը հակասությունների, որոնք առաջին հերթին վնասելու են հենց Հայաստանին», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նաև հիշեցրել է ԵԱՏՄ վերջին գագաթնաժողովի հայտարարությունը, որում անդամ պետությունների ղեկավարները Հայաստանին կոչ են արել հնարավորինս շուտ անցկացնել համապատասխան հանրաքվե։
Կրեմլի խոսնակը մեկնաբանել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանը գոհ կլիներ, եթե Հայաստանին հեռացնեին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Պեսկովի խոսքով՝ եթե Հայաստանի համար կազմակերպության անդամակցությունն այլևս չի բխում երկրի ազգային շահերից, ապա Երևանը կարող է ինքնուրույն որոշում կայացնել և դուրս գալ կազմակերպությունից։
«Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում՝ գոհ կլիներ, եթե իրեն հեռացնեին, եթե Երևանն այլևս իր ազգային շահերից ելնելով կարիք չունի անդամակցելու տարածաշրջանային անվտանգության ապահովման համար այդքան կարևոր կազմակերպությանը։ Այդ դեպքում նա ազատ է համապատասխան որոշում ընդունել և լքել այդ կազմակերպությունը», – ասել է Պեսկովը։
Միաժամանակ նա նշել է, որ մինչ այժմ հայկական կողմի տարբեր ներկայացուցիչներից հնչել են հայտարարություններ այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է, սակայն կազմակերպությունից դուրս գալու որոշում Երևանը դեռ չի ընդունել։ «Առնվազն մինչև այժմ մենք նման հայտարարություններ ենք լսել», – նշել է Կրեմլի խոսնակը։







