Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) ևս դեմ է հանդես եկել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահի պաշտոնին թուրք թեկնածուի առաջադրմանը։ Ավելի վաղ թուրք գործչի թեկնածությունը բոյկոտել էին Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը։
ՄԱԿ-ում ԱՄԷ մշտական ներկայացուցիչ Լանա Նուսեիբը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային ուղղված նամակում նշել է, որ ի հավելումն Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի բարձրացրած հարցերի, որոնք ԱՄԷ-ն ամբողջովին ընդունում և կիսում է, իր երկրի կառավարությունը, առանց խախտելու ընթացակարգը, ցանկանում է հայտնել իր մտահոգությունները առ այն, որ Թուրքիան շարունակաբար միջամտում է արաբական պետությունների ինքնիշխան հարաբերություններին, ինչը Արաբական Միացյալ Էմիրությունները անընդունելի է համարում։
Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչը նամակում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը` նշելով.
«ԱՄԷ-ն կիսում է Հայաստանի և Կիպրոսի ներկայացրած լուրջ մտահոգությունները, որոնք վերաբերում են Օսմանյան Կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի համառ քաղաքականությանը։ Հաշվի առնելով այս ժառանգությունը և դրա շարունակվող ցավալի հետևանքները՝ մեզ անհանգստացնում է, այն հանգամանքը, որ Թուրքիան ապաստան է տալիս կրոնական ծայրահեղականներին փորձելով օգտագործել նրանց միջկրոնական ատելությունը իր քաղաքական օրակարգը Եգիպտոսում, Լիբիայում և մի շարք այլ արաբական պետություններում առաջ տանելու նպատակով»։
Նամակում շեշտվել է նաև, որ ԱՄԷ-ն թերահավատ, է որ ՄԱԿ-ի ԳԱ նախագահի պաշտոնում թուրք թեկնածուն կկարողանա լինել անկախ և անկողմնակալ։
Նշենք, որ ԳԱ նախագահի պաշտոնի համար առաջադրված թուրք թեկնածուն Վոլքան Բոզքըրն է, ով նախկինում Թուրքիայում զբաղեցրել է եվրոպական հարցերով նախարարի պաշտոնը։
Բոզքըրը Թուրքիայում իշխող կուսակցության անդամ է և պետք է զբաղեցներ ԳԱ նախագահի պաշտոնը 2020 թ. սեպտեմբերին։