Սիրիայի մի շարք քաղաքներում վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցեր են սկսվել։ Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն։ Լրատվամիջոցի հրապարակած տեսանյութերում երևում է, թե ինչպես են ցուցարարները հավաքվում փողոցներում և այրում անվադողեր։
Վառելիքի գների բարձրացումը բուռն քննարկումների պատճառ է դարձել նաև սոցիալական ցանցերում։ Սիրիայի էներգետիկայի նախարար Մոհամմադ ալ-Բաշիրի խոսքով՝ երկիրը ներկայում օրական արտադրում է մոտ 102 հազար բարել նավթ, մինչդեռ ներքին սպառման համար անհրաժեշտ է մոտ 325 հազար բարել։ Պակասող ծավալը Սիրիան լրացնում է ներմուծման միջոցով։
Սիրիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ կշարունակի վերանայել վառելիքի գները՝ համաշխարհային շուկայի պայմանների փոփոխությանը համապատասխան։ Նշվում է , որ վառելիքի մատակարարումները կարևոր նշանակություն ունեն Սիրիայի տնտեսական վերականգնման համար, քանի որ երկիրը փորձում է վերականգնել տնտեսությունը 14 տարի շարունակված պատերազմից հետո։
Նշենք, որ Սիրիայի կառավարությունը սեպտեմբերի 13-ին դիզելային վառելիքի գինը բարձրացրել է 40 տոկոսով, իսկ բենզինինը՝ 28 տոկոսով։ Կառավարությունը հայտարարել է, որ գների բարձրացումը ժամանակավոր է և պայմանավորված է վառելիքի ապահովման համաշխարհային ծախսերի կտրուկ աճով։ Իշխանությունները որպես գների բարձրացման պատճառ նշել են նաև Բանիյասի նավթավերամշակման գործարանի վերանորոգումը։ Նշվում է, որ աշխատանքների ավարտից հետո գործարանի արտադրական հզորությունը օրական 80 հազար բարելից կհասնի 130 հազարի։







