Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ Հայաստանից որևէ դիմում չի ստացել։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է համարել, որ Գյումրիի ռազմաբազան Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ է։
Գալուզինի հայտարարությունից առաջ՝ սեպտեմբերի 12-ին, Հայաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը հայտարարել էր, որ ռուսական ռազմաբազայի տեղակայման համար վարձավճարը կարող է բարձրացվել, եթե Ռուսաստանից մատակարարվող գազի գինը բարձրանա։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գյումրիում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի անհրաժեշտությունը չկա և նշել, որ Երևանը դեմ չի լինի, եթե Մոսկվան որոշի իր զինվորականներին դուրս բերել Գյումրիից։
Նշենք, որ 102-րդ ռազմաբազան Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող ամենամեծ ռուսական ռազմաբազան է։ Այն Գյումրիում տեղակայվել է 1995 թվականին և Ռուսաստանի միակ ռազմաբազան է Հարավային Կովկասում։







