Լիբանանի դատախազը պահանջել է նախկին նախագահ Միշել Աունին մեղադրանք առաջադրել 2020 թվականին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով։ Դատական պաշտոնյայի խոսքով՝ Աունը նախապես տեղեկացված է եղել նավահանգստում պահվող ամոնիումի նիտրատի առկայության և դրա վտանգավորության մասին, սակայն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Լիբանանի վճռաբեկ դատարանի դատախազ Մոհամմադ Սաաբը գործը քննող դատավոր Թարեք Բիթարին ներկայացրած եզրակացության մեջ առաջարկել է մեղադրանք առաջադրել Աունին։ Դատական պաշտոնյայի խոսքով՝ նախկին նախագահը նաև հարցը չի փոխանցել երկրի Բարձրագույն պաշտպանության խորհրդին։
Սաաբի ուսումնասիրության համաձայն՝ գործով պատասխանատվության ենթակա է ավելի քան 70 մարդ, այդ թվում՝ գործող և նախկին քաղաքական գործիչներ, անվտանգության և ռազմական ոլորտի պաշտոնյաներ ու պետական ծառայողներ։ Նրանցից մի քանիսի նկատմամբ Բիթարն արդեն մեղադրանքներ էր առաջադրել։
Մեղադրանքներ ներկայացնելու վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի հենց դատավոր Բիթարը։ Նա կարող է դա անել առաջիկա շաբաթներին։
Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով ավելի քան 220 մարդ զոհվել է, շուրջ 6500-ը՝ վիրավորվել։ Պայթյունը մեծ ավերածություններ է պատճառել քաղաքի մի շարք շրջանների։
Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել այն պահեստում, որտեղ տարիներ շարունակ ոչ պատշաճ պայմաններում պահվել է մեծ քանակությամբ ամոնիումի նիտրատ։ Պաշտոնյաները, ըստ քննության, բազմիցս նախազգուշացվել էին նյութի վտանգավորության մասին։
Պայթյունից ավելի քան վեց տարի անց գործով դեռևս որևէ մեկը չի պատժվել։ Տուժածների ընտանիքները շարունակում են պահանջել պարզել աղետի համար պատասխանատուներին և նրանց ենթարկել պատասխանատվության։








