Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 16-ին պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավարի պաշտոնում է հաստատել Թամազ Բորաշվիլիին։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ քվեարկողներ չեն եղել:
Բորաշվիլին ՊԱԾ-ի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի վեց տարի ժամկետով։ Նա մինչ այդ զբաղեցնում էր ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Նորանշանակ ղեկավարը իրավապահ համակարգում աշխատում է ավելի քան 20 տարի։ Նա իր կարիերան սկսել է հակահետախուզության ոլորտում, այնուհետև տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՊԱԾ-ում և ՆԳՆ-ում։ 2017-2022 թվականներին Բորաշվիլին եղել է Վրաստանի ՆԳՆ Գլխավոր տեսչության ղեկավարի առաջին տեղակալը, ապա՝ ղեկավարը։ 2022 թվականին նա վերադարձել է ՊԱԾ։
Բորաշվիլին փոխարինել է Գեկա Գելաձեին, որը սեպտեմբերի 14-ին հրաժարական էր ներկայացրել՝ պաշտոնը ստանձնելուց մոտ հինգ ամիս անց։ Գելաձեն այժմ նշանակվել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ։
Վրաստանի ՊԱԾ-ի ղեկավարության փոփոխությունները շարունակվում են արդեն երկրորդ տարին։ 2025 թվականի ապրիլին Գրիգոլ Լիլուաշվիլիի հեռանալուց հետո ծառայությունը հաջորդաբար ղեկավարել են Անրի Օխանաշվիլին, Մամուկա Մդինարաձեն և Գեկա Գելաձեն։
Միաժամանակ, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ներկայացնելով Բորաշվիլիի թեկնածությունը, նշել է, որ վերջինս վերջին երկու տասնամյակում կլինի պետական անվտանգության համակարգի առաջին ղեկավարը, որը կարիերան սկսել է անմիջապես այդ համակարգում։







