Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Նյու Յորքում միջնորդավորված բանակցություններ են անցկացրել։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային նույնպես հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ երկխոսությունը տեղի է ունեցել Կատարի միջնորդությամբ։ Փոխանցում է Tasnim լրատվական գործակալությունը:
Բաղային հայտարարել է, որ Իրանի պատվիրակությունը միջնորդների միջոցով ամերիկյան կողմին հստակ ներկայացրել է Հորմուզի նեղուցի վերաբացման, տարածաշրջանային անվտանգության և դիվանագիտական գործընթացի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումներն ու պայմանները:
Նրա խոսքով՝ այս հարցերի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը նոր չէ և վերջին օրերին արդեն հրապարակվել էր, իսկ Նյու Յորքում Իրանի պատվիրակության ներկայությունն օգտագործվել է դրանք ամերիկյան կողմին ուղղակիորեն փոխանցելու համար։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում միջնորդների միջոցով երկարատև բանակցություններ են անցկացվել Իրանի պատվիրակության հետ։ Նրա խոսքով՝ միջնորդները օրվա ընթացքում շարունակաբար կապ են պահպանել երկու կողմերի միջև, և բանակցությունների այդ փուլն ավարտվել է։ Նա հավելել է, որ միջնորդները շարունակելու են իրենց աշխատանքը։





