ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն Երևանում քննարկել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի զարգացման հեռանկարները։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում։
Զրուցակիցները նշել են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտուրը կարող է նոր հնարավորություններ ստեղծել երկու երկրների տնտեսությունների համար։
Քննարկվել են նաև ապրանքների տարանցման, մասնավորապես՝ սանիտարական և անասնաբուժական վերահսկողության ենթակա բուսական ու կենդանական ծագման սննդամթերքի փոխադրման հետ կապված հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։







