Իրանի խորհրդարանում Թավրիզից ընտրված պատգամավոր Ալիռեզա Նովինը քննադատել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքը, ինչպես նաև Բաքվի ու Թել Ավիվի միջև սերտ հարաբերությունները: Region Monitor-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Rasanews լրատվակայքը։
Նովինն ընդգծել է, որ Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև առկա են կրոնական ու մշակութային կապեր, սակայն Ադրբեջանի ղեկավարության քայլերը հակասում են դրանց․
«Մենք Ադրբեջանի Հանրապետության ժողովրդին համարում ենք մեր քույրերն ու եղբայրները՝ իսլամի և մշակութային ընդհանուր արմատների պատճառով, սակայն այս երկրի իշխանությունը պետք է գործնականում ապացուցի իր եղբայրությունը: Ալիևը նույնիսկ մեկ անգամ պատրաստ չեղավ դատապարտել Գազայի և Իրանի մուսուլմանների նկատմամբ սիոնիստների հանցագործությունները և Բաքվում գրկաբաց ընդունում է մեր կանանց ու երեխաների սպանողներին»,- նշել է պատգամավորը:
Իրանցի գործիչը նաև զգուշացրել է Ադրբեջանի նախագահին Իսրայելի հետ համագործակցության վտանգների մասին․ «Ալիևը պետք է իմանա, որ ինքը մուսուլմանական երկրի նախագահ է և, սիոնիստական ռեժիմին ծառայություններ մատուցելով, չի կարող իրեն և իր երկիրը զերծ պահել տարածաշրջանում սիոնիստների ծավալապաշտական ամբիցիաներից»:
Անդրադառնալով Ադրբեջանում մուսուլմանների իրավունքների և կրոնական ազատությունների սահմանափակումներին՝ Ալիռեզա Նովինը կոչ է արել իսլամական երկրներին անհապաղ դիրքորոշում հայտնել: Նա պատմական զուգահեռ է անցկացրել Իրանում տեղի ունեցած իրադարձությունների հետ․
«Ինչպես Իրանի ժողովուրդը ձախողեց Ռեզա խանին՝ հիջաբի պարտադիր վերացման դեմ պայքարում, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդը ձախողման է մատնելու Ալիևին»,- եզրափակել է պատգամավորը:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Ադրբեջանում հիջաբի շուրջ վեճը ծագել է դպրոցական համազգեստի նոր կանոնների կիրառման պատճառով։ Սեպտեմբերի վերջին փոփոխված կանոններով դպրոցներում սահմանափակվել է «համազգեստից տարբերվող կամ կրթության աշխարհիկ սկզբունքներին հակասող հագուստ կրելը»։ Սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր են անցկացվել Ադրբեջանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Իրանում՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան և Թավրիզում հյուպատոսարանի մոտ։








