Հայ և թուրք լրագրողները համատեղ մեդիա շրջայցի հայաստանյան փուլում այցելել են մի շարք ընկերություններ ու արտադրական ձեռնարկություններ, հանդիպել գործարար շրջանակների ներկայացուցիչների և ծանոթացել հայ-թուրքական տնտեսական համագործակցության հնարավորություններին։ Այս մասին հայտնում է Region Monitor-ը։
Լրագրողներն այցելել են «Eleveight AI», «Lentex», «Artfood», «Spayka», «Tamara», «Dargett» և «Armenia Wine» ընկերություններ, որտեղ ծանոթացել են արտադրական գործընթացներին, ընկերությունների գործունեությանն ու արտահանման հնարավորություններին։ Շրջայցի ավարտին լրագրողները այցելել են նաև «COP17»-ի կանաչ գոտի և շրջել տաղավարներով։
Հայաստանյան այցերի ընթացքում լրագրողները հնարավորություն են ունեցել գործարարների հետ քննարկելու նաև առկա առևտրային կապերը, Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների դժվարությունները և անմիջական կապերի զարգացման հեռանկարները։
Շրջայցի ամփոփիչ հանդիպումը կայացել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամում, որտեղ մասնակիցները հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, տնտեսական համագործակցությունն ու մարդկանց միջև անմիջական շփումների նշանակությունը։ Լրագրողները ներկայացրել են նաև երկու երկրներում կայացած հանդիպումներից ստացած տպավորությունները։
Հիշեցնենք, որ մեդիա շրջայցն իրականացվել է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան–Թուրքիա կարգավորմանը. անդրսահմանային կապերի ընդլայնում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացրել են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Հրանտ Դինք հիմնադրամը և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը՝ TEPAV-ը։










