Դեկտեմբերի 11-ին Պոլսի հայոց պատրիարք էր ընտրվել Սահակ եպս Մաշալյանը: 12 տարի դադարից հետո նոր պատրիարքի ընտրությունը և նորընտիր պատրիարքը մեծ հետաքրքրություն են առաջացրել թուրքական մեդիայում: Թեև Սահակ Մաշալյանը 2010թ-ից Պոլսի հայոց պատրիարքարանում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, սակայն նա թուրքական լսարանին հայտնի մարդ չի եղել, քանի որ մամուլում հիմնական ներկայացվող անձը հայ համայնքի առաջնորդը՝ պատրիարքը կամ նրան փոխարինող անձինք են եղել: Այժմ թուրքական մամուլում Մաշալյանին ճանաչելու, նրա տեսակետները իմանալու և հանրայնացնելու նպատակով տարբեր հարցազրույցներ են հրապարակում:
«Միլլիյեթ» թերթը Մաշալյանի հետ անցկացրած հարցազրույցի ներածականում նորընտիր պատրիարքին ներկայացրել է որպես «հոգևորական, որը տարբերվում այլ քրիստոնյա հոգևորականներից» և հայտնի է, որպես ինտելեկտուալ, որը շարունակում է ակադեմիական և կրոնական կրթությունը: Հարցազրույցը միտված էր ներկայացնել Մաշալյանի կենսագրությունը՝ որտեղ է ծնվել, ինչ միջավայրում է մեծացել և ինչպես է ընտրել հոգևորական դառնալու ուղին:
Մաշալյանը հարցազրույցի ընթացքում իր անձին առընչվող հարցերին զուգահեռ խոսել է նաև համայնքի կարևոր համակարգային խնդիրների մասին, որոնք կուտակվել են 12 տարիների ընթացքում, որը պատրիարքը որակել է որպես «զրկանքի տարիներ»:
Մաշալյանը, նշելով, որ յուրաքանչյուր համակարգ իր կարմիր գծերն ունի, հիշեցրել է, որ նախորդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդության պատճառով չէր կարող կատարել իր պատրիարքական պարտականությունները, իսկ համայնքը չէր կարող նոր պատրիարք ընտրել: Այս խնդրի մասին խոսելիս Մաշալյանը մի քանի հանգամանք է մատնանշել. «Խանութն անգամ առանց ղեկավարի չեք կարող կառավարել: Արդյունքում խնդիրները կուտակվեցին, իսկ խնդիրներ կան, որոնք պատրիարքի փոխանորդը չի կարող լուծել: Պատկերացրեք՝ 12 տարի շարունակ նախագահի, կրոնական գործերի նախագահի կամ Ներքին գործերի նախարարի փոխարեն ղեկավարեն նրանց ժամանակավոր պաշտոնակատարները: Պատրիարքի ընտրությունների ձգձգման պատճառներից է նաև այն, որ պատրիարքարանը իրավաբանական անձի կարգավիճակ չունի»:
Նորընտիր պատրիարքը անդրադարձել է օրեցօր նոսրացող համայնքի խնդիրներին և դրանց լուծման ուղիներին՝ նշելով. «Տարվա ընթացքում 12 ծնունդի դիմաց 26 մահ է գրանցվում: Մենք այս երկրի համար արժեք ներկայացնող փոքրամասնություն ենք: Պետական մակարդակով միշտ նշվում է, որ մենք արժեքավոր ենք: Շարունակելու ենք որպես այս երկրի հավատարիմ քաղաքացիներ մեր ներդրումն ունենալ Թուրքիայում, սակայն երբ խնդիրներ ունենք, չենք կարող ասել, թե դրանք չկան:
Նախ ցանկանում ենք մեր մարդկային ռեսուրսների բանկ ստեղծել: Ընտրություն անցկացրեցինք, սակայն չգիտենք քանի ընտրող ունենք: Այս ընթացքում պարզեցինք, որ ընտրողների ցուցակում կան մարդիկ, որոնք մահացել են: Թուրքիայի բոլոր փոքրամասնությունը թիվը 80 հազարը չի անցնում: Եթե անհրաժեշտ խնամք չցուցաբերվի, ապա այս երկրի գույները կաղքատանան:
Իսլամական աշխարհում Թուրքիան ամենաքիչ քրիստոնյա բնակչություն ունեցող երկիրն է: Մշակութային և լեզուների հարստությունը կորցնելը էլ աղքատանալ է: Ինչպես ասում ենք, որ իսլամաֆոբիան սխալ երևույթ է, նույն կերպ պետք է քրիստոնեաֆոբիայի մասին խոսենք»: