Ադրբեջանում ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսման մտավախություններն, ինչպես նաև անհեռատես սադրիչ քայլերի պատճառով արտաքին քաղաքական ոլորտում ձախողումներն առավել նկատելի են դարձել՝ ուղեկցվելով այդ երկրի ԱԳՆ-ի և դրա ղեկավարի ընդգծված թիրախավորմամբ։ Այլ կերպ ասած՝ ալիևյան վարչակարգի քաղաքական տապալումների համար հերթական քավության նոխազ է ընտրվել Ջեյհուն Բայրամովը։ Հանրային-փորձագիտական շրջանակների դիտարկմամբ՝ ԱԳՆ-ն իր նոր կորիզային կազմով դիվանագիտական ճակատում պատրաստ չէ բանակցելու։ Բանն այն է, որ Ղարաբաղում 44-օրյա պատերազմի նախաշեմին արտգործնախարար նշանակված նախկին Կրթության նախարար Ջեյհուն Բայրամովն ու նրա նախաձեռնությամբ վերջին ամիսներին ԱԳՆ-ում կատարված կադրային փոփոխություններն սպասվելիք բանակցություններում դիվանագիտական քայլերի և հմտությունների ցուցաբերման առումով վստահություն չեն ներշնչում։
Դիվանագիտական փորձ չունեցող Ջեյհուն Բայրամովն ԱԳ նախարար նշանակվելուն պես ներգրավվեց բարդ բանակցային գործընթացի, որի ընթացքում հիմնականում հանդես եկավ նախագահ Իլհամ Ալիևի անմիջական հրահանգները կատարողի դերում՝ հաճախ անգիր արած տեքստերով։ Այդ մասին էին գրում նաև ռուսական ԶԼՄ-ները, որոնց աչքից չէր վրիպել դեռևս պատերազմի ընթացքում Մոսկվայում բանակցությունների ընթացքում մի քանի անգամ Ադրբեջանի դեսպանատուն Բայրամովի կատարած այցերն ու նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցները։ Սակայն հարց է առաջանում, թե բավարար կլինե՞ն արդյոք Ալիևից ստացված հրահանգները հետագա՝ արդեն իսկ կանխատեսվող ոչ այնքան դյուրին բանակցային գործընթացում, եթե չդրսևորվեն բանակցելու մասնագիտական, պրոֆեսիոնալ և անձնային անհրաժեշտ հատկանիշներ։
ԱԳՆ-ի ոչ բավարար ներուժի փաստական հավաստում է նաև այն, որ վերջին ամիսներին Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունը հանդես է եկել միայն պաշտպանողական դիրքերից՝ իր հայտարարություններում հիմնականում մեկնաբանելով կամ քննադատելով հայկական կողմի այս կամ այն հայտարարությունն ու քայլը։ Ադրբեջանական վերլուծական շրջանակների գնահատմամբ՝ ԱԳՆ-ն զիջում է նաև պատերազմական և հետպատերազմական իրողությունների ադրբեջանական տարբերակն Արևմուտքին և մի շարք այլ առանցքային աշխարհաքաղաքական դերակատարներին մատուցելու տեսանկյունից, մինչդեռ «հայկական լոբբին» բավական կազմակերպված է գործում։ Իրավիճակը հավելյալ բարդացել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ մայիսի 12-ից շարունակվող ադրբեջանական ԶՈւ-ի նախաձեռնած անհաջող սադրանքի հետևանքով, որը միջազգային լայն քննադատության և ճնշման պատճառ դարձավ։
Հարկ է նշել, որ ընդամենը մեկ տարի առաջ Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով անարդյունավետ դիվանագիտության մեջ էին մեղադրում նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, որն ըստ քննադատների՝ վարում էր «չափազանց զուսպ և հայանպաստ դիվանագիտություն»։ Ըստ էության, հենց նրա վրա կոտրվեց 2020թ. հուլիսյան էսկալացիայի ընթացքում ադրբեջանական կողմի ձախողման ռազմաքաղաքական պատասխանատվությունը։ Այժմ, սակայն, Ադրբեջանում կրկին փորձում են նախապես մեղավորներ գտնել և հող նախապատրաստել առաջիկայում կանխատեսվող դիվանագիտական անհաջողությունները նրանց վրա բարդելու համար։ Հատկապես, որ այդիպիսի մտավախության հիմքեր ալիևյան վարչակարգը ունի՝ հաշվի առնելով տարածաշրջանում սպասվող զարգացումներն ու Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ արդեն իսկ որոշ հարցերում թույլ տված բացթողումները։
Այս համատեքստում ադրբեջանական կողմը սկսում է խոստովանել, որ Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիա սանձազերծելու համար ընտրել էր նպատակահարմար պահը, և չնայած ռազմագործողությունների մասին Արևմուտքի բացասական դիրքորոշմանն, այն սպասվածից ավելի «սառը և մեղմ» էր, ինչը կապված էր ոչ թե Ադրբեջանի արտաքին գերատեսչության նոր ղեկավարության արհեսավարժ աշխատանքի, այլ աշխարհում ավելի գլոբալ խնդիրների՝ կորոնավիրուսի համավարակի, ԱՄՆ-ում ընտրական գործընթացի և այլն։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանում բավական զգայուն են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնման առնչությամբ՝ լավ գիտակցելով, որ ադրբեջանական ղեկավարության կողմից շրջանառվող «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էլ չկա» պնդումն իրականության հետ աղերս չունի և ուղղված է միայն ադրբեջանական լսարանին՝ օբյեկտիվ դժգոհությունների լռեցման նպատակով։ Եվ, թերևս, նաև այս համատեքստում կարելի է դիտարկել Բաքվի բռնապետական ռեժիմի՝ ցայտնոտային գործելաոճը՝ իրար հաջորդող սխալների տեսքով, որոնք ավելի են մեծացնում Ադրբեջանի հանդեպ արտաքին ճնշումը։ Հայ ռազմագերիներին վերադարձնելու և Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններին վերադառնալու առնչությամբ օրեցօր աճող միջազգային պահանջների ֆոնին Ալիևը փորձում է նոր լարվածություն հրահրել՝ ներխուժելով ՀՀ ինքնավար տարածք ու շարունակելով ուժի սպառնալիքով ուղեկցվող հռետորաբանությունը։
Եվ հետևաբար, պատահական չէ, որ պատերազմից հետո «հաղթանակի» էյֆորիայից իրականությունից կտրված որոշ քաղաքկան և քարոզչական շրջանակներ նախագահի չհաշվարկված քայլերի հետևանքները Բայրամովի վրա բարդելու աշրավ են նախաձեռնել, որի անթաքույց դրսևորումները ի հայտ կգան առաջին իսկ դիվանագիտական ձախողումից հետո։
Սաթենիկ Պետրոսյան