«Սյունիքի օկուպացիան դատապարտելի է և մերժելի» Իրանական «Շարղ» օրաթերթի մայիսի 26-ի համարում «Սյունիքի օկուպացիան դատապարտելի է և մերժելի» վերնագրով հոդված է հրապարակվել, որի հեղինակը լրագրող, փորձագետ Միր Մեհրդադ Միրսանջարին է:
Հոդվածում ընդգծվել է, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից Հայաստանի պաշտոնապես ճանաչված սահմանների խախտումը ոչ միայն ագրեսիա է ՄԱԿ անդամ պետության նկատմամբ, այլև Իրանի համար ազդանշան է առ այն, որ վտանգված է իր ազգային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը:
Հոդվածում ընդգծվել է, որ հայ-իրանական սահմանը միշտ անվտանգ է եղել և բարեկամության սահման է համարվել: Շեշտադրվել է, որ Հայաստանի սահմանը Իրանի համար դեպի Եվրոպա այլընտրանքային ճանապարհ է, որի վերացման դեպքում Կովկասում ամրապնդվելու են Թուրքիայի դիրքերը, Իրանը դուրս է մնալու տարածաշրջանային գործընթացներից և որպես հետևանք կախվածություն է ունենալու Անկարայից:
Հեղինակը նշել է, որ «Ալիևը Սյունիքը, Սևանը, Երևանը Ադրբեջանինն է համարում այն պարագայում, երբ 103 տարի առաջ նման պետություն գոյություն չի ունեցել»:
«Հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ է ներկայացնում մի երկիր, որը 1918 թ.-ին՝ Ղաջարյան ապաշնորհ իշխանության շրջանում, վերցնելով պատմական Ադրբեջան անունը, Առանի և Շիրվանի տարածքում իր գոյությունն ազդարարեց: Իհարկե, շատ մտածելու տեղիք տվող մի հանգամանք, որը, ցավոք, ավելի քիչ ուշադրության և արձագանքի է արժանացել Իրանի պաշտոնյաների, էլիտաների և լրատվամիջոցների կողմից, այն է, որ Բաքվի դասագրքերում պաշտոնապես ուսուցանվում է, որ պատմության մեջ Ադրբեջանի Սեֆյան կայսրություն կոչվող մի երևակայական և մեծ երկիր է եղել, որն ընդգրկել է ներկայիս Իրանը, Աֆղանստանը, Իրաքի որոշ հատվածները և Պարսից ծոցի ափերը: Շահ Իսմայիլ Սեֆյանի դրոշը Բաքվի թանգարաններում և դասագրքերում ներկայցվում է, թե պատկանում է Ադրբեջանի մտացածին Սեֆյան կայսրությանը: Բոլոր իրանցի մեծերը, ինչպիսիք են Բաբակ Խորրամդինը, Շահ Իսմայիլ Սաֆավին, Նադեր Շահ Աֆշարը ներկայացվում են ոչ թե որպես իրանցիներ, այլ բաքվեցիներ, և ընդհանրապես չեն ընդունում պատմության մեջ Իրան կոչվող երկրի գոյությունը և մերժում են Գոլեսթանի և Թուրքմենչայի տխրահռչակ պայմանագրերով Բաքվի ու Կովկասի 17 շրջանների տարանջատումը Իրանից: Եվ նրանք պնդում են, որ պարսիկներն ու ռուսները այդ համաձայնագրով բաժանել են Ադրբեջան մտացածին երկիրը: Այսինքն «Երևանի՝ Ադրբեջանին պատկանելու մասին հայտարարությունը» այդ երկրի պաշտոնյաների կողմից պատմության խեղաթյուրման հետ է կապված»,-ընդգծվել է հոդվածում:
Նշվել է նաև, որ Բաքվի զորահանդեսին Արաքսի երկու ափերի բաժանության վերաբերյալ Էրդողանի բանաստեղծությունը, Բաքվի և Անկարայի կողմից ազգայնականության քարոզը զգոնության կոչ են առա այն, որ Ղարաբաղի և Սյունիքի գրավումից հետո տարածքային պահանջներ են ներկայացվելու Իրանի նկատմամբ:
Ընդգծվել է, որ իրանա-ադրբեջանական սահմանին ռազմական համազգեստով Ալիևի ներկայությունը ևս կարող է այդ սպառնալիքի հաստատումը լինել: Շեշտադրվել է, որ Իրանի դիվանագիտական ապարատը, սահմանների անձեռնմխելիության սկզբունքից ելնելով, պետք է լրջորեն ուշադրություն դարձնի այդ խնդրին: