Պաշտոնական Բաքուն և Անկարան շարունակում են խորացնել համագործակցությունը տեղեկատվական-քարոզչական տիրույթում իրենց հանդեպ ոչ բարյացակամ երկրների և մասնավորապես Հայաստանի նկատմամբ գերակայության հասնելու նպատակով։ Այս անգամ արդեն երկուստեք ջանքեր են կենտրոնացվում ամբողջ թյուրքական աշխարհի ներուժը թուրք-ադրբեջանական նեղ քաղաքական և քարոզչական նպատակներին ծառայեցնելու ուղղությամբ։
Օրերս Բաքվում կայացել է թուրքական Albayrak մեդիահոլդինգի և ադրբեջանական Trend լրատվական գործակալության համատեղ թվային առաջին նախագծի՝ TURKIC.World-ի (թարգմ․՝ թյուրքական աշխարհ) շնորհանդեսը։ Շնորհանդեսին մասնակցել են ոչ միայն ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ների ղեկավարներ, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը, այլև այդ երկրում թյուրքախոս մյուս պետությունների դիվանագիտական ներկայացուցիչները։ Հայտարարվել է, որ նախագծի նպատակն է ի համերաշխություն ողջ թյուրքական աշխարհի միասնական հաղորդակցային հարթակի ձևավորումը։ Ընդգծվել է, որ լրատվական հարթակը, որում առայժմ ներկայացված են Trend և Albayrak մեդիահոլդինգի առաջատար Yeni Şafak լրատվակայքերը, նախատեսվում է ընդլայնել և դրանում ընդգրկել թյուրքալեզու այնպիսի երկրների մեդիա ընկերությունների, ինչպիսիք են Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և այլն, և այն վերածել թյուրքական աշխարհի համատեղ բազմալեզու լրատվացանցի։
Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ նախաձեռնությամբ այս լրատվացանցի ստեղծումը, որն առաջին հայացքից կարող է անվնաս թվալ, իրականում իր սուր ծայրով ուղղվելու է նաև տեղեկատվական դաշտում Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ գերակայության հասնելու թուրք-ադրբեջանական հստակ արտահայտված նպատակի իրագործմանը։ Դա են վկայում, թերևս, շնորհանդեսի ողջ ընթացքում թուրք և ադրբեջանցի բանախոսների՝ հարթակի ձևավորման համար հիմնարար ընդգծումներն առ այն, որ տեղեկատվական դաշտում թուրք-ադրբեջանական համագործակցությունը շատ կարևոր դեր է խաղացել 44-օրյա պատերազմի ընթացքում «Ադրբեջանի արդարացի դիրքորոշումը» միջազգային հանրությանը հասցնելու գործում [1,2,3,4,5]։ Հետևաբար մտահոգիչ է, որ առաջիկայում սկզբնապես նմանատիպ շեշտադրումներով ձևավորվող լրատվացանցի մասը կարող են դառնալ նաև ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի հետ բարեկամական և դաշնակցային հարաբերություններ ունեցող թյուրքալեզու մյուս պետությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց միշտ չէ, որ կարող է հաջողվել անհատական դիրքորոշումը չզոհաբերել ընդհանուրին։
Ավելին, ըստ Անկարայից և Բաքվից ստացված ազդակների, ձևավորվող այս հարթակը տեղեկատվական դաշտում թյուրքալեզու երկրների միջև համագործակցության սկիզբն է միայն։ Այդ մասին է խոսում այս տարվա ապրիլ ամսին Բաքվում Թյուրքական խորհրդի տեղեկատվության և մեդիայի հարցերով պատասխանատու նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների երրորդ հավաքի ժամանակ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆ․ Ալթունի առաջարկությունը Թյուրքական խորհրդի անդամ պետությունների հետ նույնպիսի մեդիա հարթակներ ձևավորելու մասին, ինչպիսին թուրք-ադրբեջանականն է։
Հարկ է նշել, որ 2020 թ․ սեպտեմբեր ամսին Ֆ․ Ալթունի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հ․ Հաջիևի հանդիպման արդյունքում ձևավորված թուրք-ադրբեջանական մեդիա հարթակը և դրա շրջանակում մշակված ընդհանուր տեղեկատվական ռազմավարությունն իրականում տեղեկատվական-քարոզչական տիրույթում բավականաչափ լուրջ խնդիրներ են ստեղծել հայկական կողմի համար արցախյան 44-օրյա պատերազմի օրերին։ Դա այն դեպքում, երբ համագործակցության հիմքերը դրվել էին պատերազմի մեկնարկից ընդամենն օրեր առաջ, և միայն ամիսներ հետո պետք է Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը ստորագրեին «Ադրբեջանի և Թուրքիայի միջև մեդիա ոլորտում ռազմավարական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը», վավարեցնեին այն [1,2], ինչից հետո միայն պետք է նպատակային պլանի իրագործման համար երկկողմ աշխատանքային խումբ ձևավորվեր։
Այսպիսով, Արցախյան երկրորդ պատերազմից հետո ևս, չնայած որակական նոր հարաբերություններ կառուցելու վերաբերյալ Բաքվից և Անկարայից հնչող հայտարարություններին, շարունակվում է նախկին թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Տեղեկատվական դաշտում արդեն իսկ Հայաստանի և հայ ժողովրդի համար բավականաչափ խնդիրներ հարուցած թուրք-ադրբեջանական գործակցությունն ավելի է ընդլայնվում՝ թյուրքալեզու մյուս պետությունների ներգրավմամբ նոր մարտահրավերներ առաջացնելու կանխատեսելի հնարավորությամբ։ Այդ մարտահրավերներից խուսափելու կամ դրանց հետևանքները չեզոքացնելու հարցում Երևանին անհրաժեշտ է լինելու քաղաքական և դիվանագիտական լուրջ ջանքեր գործադրել։ Միևնույն ժամանակ հայկական կողմի համար կարևոր առաջնահերթություն է դառնալու թուրք-ադրբեջանական տեղեկատվական-քարոզչական դաշտին հակակշիռ հարթակների ձևավորումը։
Էլյա Հարությունյան