Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած ամիսներին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևն իր ելույթներում, խոսելով պետության առաջիկա անելիքների մասին, հիմնականում կարևորում և առաջնային է համարում «Ղարաբաղի վերականգնումը»։ Սակայն վերջին շրջանում հաճախակի դարձած բողոքի ցույցերն ու ակցիաները ցույց են տալիս, որ երկրի ներսում կան հասարակությանը հուզող և լուծման արժանի բազմաթիվ այլ խնդիրներ։
Չնայած տարբեր ոլորտներում առկա մի շարք խնդիրներին՝ հետպատերազմյան շրջանում ադրբեջանական հասարակության մեջ որոշակի հույսեր և սպասումներ կային, որ երկրում իրականացվելու են անհետաձգելի սոցիալական, տնտեսական և քաղաքական բարեփոխումներ, ապահովվելու են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Սակայն, պատերազմին հաջորդած ամիսներին «ամեն ինչից տեղյակ, ամենաճիշտ քայլերը կատարող, ամեն բանի ճիշտ ժամանակն իմացող» Ի․ Ալիևն ու իր իշխանությունը բարեփոխումների ուղղությամբ պատշաճ քայլեր չիրականացրեցին, ավելին՝ այս ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը տարված էր սեփական «իմիջին» ավելի հնչեղ տեսք տալով, տարածաշրջանային գործընթացներում կարևոր, վճռորոշ դեր ունեցող երկիր ներկայանալով։ Երկրի ղեկավարությունը հիմնական ջանքերը, ֆինանսական միջոցները, օտար երկրների հետ ունեցած կապերն ու ներդրումային հնարավորություններն ուղղել է Ղարաբաղում այսպես կոչված վերականգնման գործին, ինչի արդյունքում էլ երկրում տարբեր ոլորտներում ծառացած խնդիրները մղվել են երկրորդ պլան և հասարակության շրջանում դժգոհությունների պատճառ դարձել։
2021թ․ Ադրբեջանում կազմակերպված բողոքի գործողությունների հիմնական մասը կապված է առկա սոցիալ-տնտեսական ծանր պայմանների, աղքատության, պետության կողմից հոգածության բացակայության հետ, օրինակ՝ պետության կողմից հաշմանդամ երեխաների թոշակների և «Սովետսկի» տարածքում ապրող բնակիչների փոխհատուցումների բարձրացման պահանջով ակցիաները, Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության դիմաց գործազրկության, հաշմանդամության թոշակի հետ կապված արցախյան պատերազմների մասնակիցների ակցիաները(1,2,3,4,5,6)։ Հետպատերազմյան շրջանում Իլհամ Ալիևի գործունեության վերաբերյալ հասարակական կարծիքի մասին Սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնի հրապարակած ուսումնասիրությունում ևս նշվել է, որ Ադրբեջանի նախագահից բնակչության հիմնական սպասելիքներն են սոցիալական բարեկեցություն, պատերազմի մասնակիցների, «շեհիդների» ընտանիքների կենսապայմանների բարելավում, գնաճի և պաշտոնական կամայականնությունների դադարեցում։
Հատկանշական է, որ ակցիաների մասնակիցների թվում կարելի է տեսնել, ինչպես «Ղարաբաղից բռնի տեղահանվածի» կարգավիճակ ունեցող քաղաքացիների, այնպես էլ արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակիցների, որոնց բողոքի արտահայտման ձևերից է եղել նաև ինքնասպանությունը կամ ինքնասապնության փորձը։ Երկրում բոլոր հաջողությունները սեփական անձին վերագրող Ի․ Ալիևի համար տուժողների և պատերազմում կռվածների ճակատագիրը երկրորդական է, իսկ առաջնայինն իր հեղինակության բարձրացումն է, հերոսացումն է և ցանկացած ձեռքբերում սեփական անվան տակ ներկայացնելը։
Արցախյան առաջին պատերազմի մասնակիցների խնդիրները հիմնականում կապված են հաշմանդամության թոշակների հետ, քանի որ Ադրբեջանի Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը 2021թ․ «ստուգումներ է անցկացրել և հայտնաբերել կեղծ հաշմանդամության ավելի քան 7000 դեպք»:
44-օրյա պատերազմի մասնակիցները հիմնականում բողոքում են բուժման ընթացքում պետության կողմից աջակցություն չստանալուց, համապատասխան կառույցների անուշադրությունից, անորոշ պատասխաններից, գործազրկությունից, սոցիալական անարդարությունից, պաշտոնական դիրքի չարաշահումներից։ Բողոքի գործողությունների մասնակիցները նշել են, որ պատերազմի մասնակիցների և «շեհիդների» ընտանիքների՝ ամեն բանով ապահովված լինելու մասին հեռուստատեսությամբ ասածներն իրականությանը չեն համապատասխանում։ Ցուցարարներին հատկապես բարկացրել է այն հանգամանքը, որ երկրի ղեկավարությունն ու հարուստ վերնախավը առիթը չի կորցնում դրոշ բարձրացնելու, Ադրբեջանի հաջողությունները նշելու համար, մինչդեռ պատերազմի իրական մասնակիցների խնդիրներն ամիսներ անց շարունակում են մնալ չլուծված։ Ասվածի վառ ապացույցն է Ազատություն թերթի (Azadlıq Qəzeti) ֆեյսբուքյան էջում հրապարակված մի քանի տասնյակ տեսանյութերը, որոնցում հնարավոր է տեսնել հիվանդանոցային վատ պայմաններում գտնվող, պատշաճ օգնություն չստացած պատերազմի մասնակիցների։
Ադրբեջանում շարունակում է օրակարգային մնալ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը։ Մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման, նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի և բանտում ոչ բավարար պայմանների, առողջական խնդիրներին պատշաճ ուշադրություն չդարձնելու հետ կապված մի շարք բողոքի ակցիաներ են անցակցվել, որոնց ընթացքում հիմնականում մեղադրանքներ են հնչեցվել Ի․ Ալիևի հասցեին՝ «Մա՛հ Ալիևին», «Ալիև․հրաժարակա՛ն», «Ալիև, հեռացի՛ր» կարգախոսներով (1,2,3,4,5)։ Հատկանշական է, որ այս խնդրին անդրադառնում են նաև արտերկրում ապրող ադրբեջանցիները։ Վերջիններս քննադատում են Ադրբեջանում քաղաքական ակտիվիստների և քաղբանտարկյալների, ինչպես նաև արտերկրում ապրող ադրբեջանցիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից ճնշումներն ու հետապնդումները։
Իրենց բողոքի ձայնն են բարձրացրել նաև Սիրիայում ապօրինի զինված խմբավորումներին միանալու մեջ մեղադրվողների հարազատները՝ նշելով, որ նրանց խաբեությամբ, աշխատանքի անվան տակ են տարել Սիրիա։ Ակցիայի մասնակիցները մասնավորապես նշել են, որ չնայած Ի․ Ալիևի խոստմանը՝ Սիրիայից ինքնակամ վերադարձած ադրբեջանցիները ձերբակալվել են։
Այսպիսով՝ պատերազմից հետո ադրբեջանական հասարակության շրջանում բարեփոխումների հետ կապված ոգևորությունը, հույսերը չեն արդարացել։ Տարբեր ոլորտներում առկա խնդիրները, պետության հաջողությունների սեփականաշնորհմամբ զբաղված, անձնական և նեղ ընտանեկան շահերով առաջնորդվող Ի․ Ալիևի և նրա ղեկավարած իշխանության անգործությունը 2021թ․ առանձնակի ակտիվությամբ իրականացված բողոքի գործողությունների պատճառ են դարձել։ Բարձրաձայնվող խնդիրները, բողոքի ակցիաների ընթացքում հաճախ ոստիկանության կողմից ուժի կիրառումը հերթական ապացույցն են, որ այդ երկրի իշխանության կողմից օրենքի ու ժողովրդավարական սկզբունքների պաշտպանությունը զրոյական մակարդակում է։ Ադրբեջանի իշխանությունն ինքն էլ է հասկանում նման հասարակական ակտիվության վտանգավոր հետևանքներն ու ցանկանում է հնարավորինս արագ «լռեցնել» Ի․ Ալիևի հերոսացվող կերպարը ստվերող ցանկացած բողոք և անհնազանդություն։
Քրիստինե Սարգսյան