Մինչ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու իշխանությանը հարող ԶԼՄ-ներն անդադար քարոզում են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտի», «հետկոնֆլիկտային նոր իրականության ստեղծման», «Ադրբեջանի ժողովրդի միասնական և հաղթական ոգու» մասին, այդ երկրի ներքաղաքական կյանքի համակողմանի վերլուծությունը ցույց է տալիս հակառակը։
Ադրբեջանի «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը» նոյեմբերի 19-ին հայտարարություն է տարածել՝ ահազանգելով բռնաճնշումների նոր ալիքի մասին։ Հայատարարության մեջ նշվել է, որ վերջին շրջանում երկրում քաղաքական բռնաճնշումները կրկին թափ են հավաքել։ Մասնավորապես, վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության մի քանի անդամ, որոնք սոցիալական ցանցերում ակտիվորեն քննադատել են գործող իշխանությանն ու անձամբ նախագահ Իլհամ Ալիևին, ձերբակալվել են շինծու մեղադրանքների հիման վրա։
Ազգային խորհրդի գնահատմամբ՝ Ալիևների իշխանությունը, բողոքի ցանկացած ձայն նման կերպ լռեցնելով, փորձում է ավելի ուժեղացնել հանրության շրջանում առկա վախը։ Միևնույն ժամանակ, ընդգծվել է, որ հանրությունը մեծ հույսեր էր կապել վերջին համաներման հետ, սակայն դրա իրացումով որևէ քաղբանտարկյալ այդպես էլ ազատ չի արձակվել։
Հայտարարության մեջ նշվել է, որ հասարակական-քաղաքական ակտիվիստների նկատմամբ հաճախ կիրառվող ձերբակալությունները քաղաքական ռեպրեսիաների անբաժանելի մասն են, որոնք ավելի են լարում երկրի ներքին իրավիճակը։
Ազգային խորհուրդն իր դժգոհությունն է հայտնել նաև Ադրբեջանում ռեպրեսիվ միջավայրի նկատմամբ միջազգային հանրության թույլ արձագանքի կապակցությամբ և ընդգծել, որ երկրում մարդու իրավունքների և ազատությունների ապահովման համար անհրաժեշտ է Իլհամ Ալիևի կառավարության վրա ճնշման արդյունավետ մեխանիզմներ, այդ թվում՝ նպատակային պատժամիջոցների կիրառել։
Հարկ է նշել, որ Ադրբեջանում ճնշումների են ենթարկվում ինչպես քաղաքական և հասարակական ակտիվիստներն, այնպես էլ պատերազմի մասնակիցները, որոնք ինչ-ինչ պատճառներով համարձակվում են գլուխ բարձրացնել և որևէ պահանջով հանդես գալ։
Նոյեմբերի 19-ին արցախյան առաջին պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի գործողություն են անցկացրել Ադրբեջանի Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության դիմաց՝ իրենց դժգոհությունն արտահայտելով վերջին ամիսներին հաշմանդամության կենսաթոշակները չստանալու կապակցությամբ։ Սակայն ոստիկանությունը միջամտել և հեռացրել է ակցիայի մասնակիցներին։
Նոյեմբերի 16-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցած բախումների ժամանակ մահացած զինծառայող Նաթիգ Ալիևի հարազատները պետության ցուցաբերած չնչին աջակցության հետ կապված իրենց դժգոհությունն արտահայտել էին հենց թաղման արարողության ժամանակ, ինչը սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում լայն տարածում էր գտել՝ ուղեկցվելով քննադատությունների ալիքով։ Մի շարք օգտատերեր նկատել են, որ զինված ուժերի կորուստների ցուցակում մշտապես հայտնվում են անապահով խավի ներկայացուցիչները, մինչդեռ մեծ շուքով անցկացվող այսպես կոչված «հաղթանակի հանդեսներին» մասնակցում են արտերկրում օֆշորային հաշիվներ կուտակողները։
Ադրբեջանում նկատվող սոցիալական դժգոհությունների ֆոնին ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի և Մուսավաթ կուսակցության հայտարարություններում շեշտվել է նաև այն հանգամանքը, որ թեև նախագահ Ալիևն իր ելույթներում մշտապես կրկնում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտի» մասին, բանակի նոր կորուստները խոսում են հակառակի մասին՝ փաստելով, որ հակամարտությունը դեռ չի կարգավորվել և թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ոլորտոներում դեռ շատ անելիքներ կան։
Սաթենիկ Պետրոսյան