«Եթե երկխոսությունը սկսենք 1915 թվականին տեղի ունեցածից, ապա ներկայի տեսնակյունից չենք կարող առաջ շարժվել»,- այս մասին նշել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ քեմալիստական ուղղվածության, «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ, նախկին դատավոր Միթհաթ Ալի Քաբաալին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված երկխոսության գործընթացի մասին Ermenihaber.am-ի հետ հարցազրույցում։
Քաբաալիի կարծիքով՝ արդար դատավճիռը միշտ դատավորի առաջնահերթ նպատակն է, և էթիկայի տեսանկյունից անհնար է շեղվել դրանից: Բայց այսօրվա դատավորի համար հեշտ չէ քննել անցյալում տեղի ունեցած իրադարձությունները։ Ըստ նրա՝ եթե երկխոսությունը սկսվի 1915 թվականին տեղի ունեցածից, ապա ներկայի տեսանկյունից առաջ շարժվելն անհնար է։
«Երբ այս հարցը մի կողմ թողնեք առանձին առիթով հետագա քննարկման համար, այսօրվա անելիքը պարզ կդառնա։ Իսկ այսօրվա անելիքն այն է, որ կողմերը, առանց երրորդ երկրի միջնորդության սկսեն ուղիղ, երես առ երես հանդիպել ու բանակցել»,- նկատել է թուրք նախկին դատավորը։
Քաբաալին նշել է, որ Թուրքիայի առաջին կառավարությունը հարաբերությունները կարգավորելու իր ցանկությունն արդեն արտահայտել է՝ նշանակելով Հայաստանի հետ երկխոսության հատուկ ներկայացուցիչ։ Նա նաև շեշտել է, որ անձամբ ճանաչում է Սերդար Քըլըչին՝ նրան համարելով փորձառու դիվանագետ, ով որպես դեսպան ծառայել է Վաշինգտոնում:
Քաբաալին նշել է, որ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում դարեր շարունակ հայերը և թուրքերը միասին են ապրել։ «Ներկայումս էլ (Սամանդաղցի կնոջս շնորհիվ, ճանաչում եմ նաև Վագըֆլը հայկական գյուղի բնակիչներին) Թուրքիայից դուրս իմ ուղևորությունների ընթացքում ինձ հանդիպում են 3-րդ սերնդի (Օսմանյան կայսրության տարածքում ապրած հայերի) ներկայացուցիչներ, որոնք դեռ թուրքերեն են խոսում»,- նշել է թուրք գործիչը:
«Անձամբ ես ձեր միջոցով իմ ողջույններն ու սերն եմ փոխանցում հայ ժողովրդին։ Ես դեմ եմ, որ այդ մարդկանց երկիրը ենթարկվի մեկուսացման։ Եվ հավատում եմ, որ Թուրքիայում կգտնվի մեկը, ով կանի այն, ինչ Վիլլի Բրանդտը արեց Լեհաստանում 1970թ. դեկտեմբերի 7-ին։»,- հայտարարել է թուրք ընդդիմադիր գործիչը։
Հիշեցնենք, որ 1970թ. դեկտեմբերի 7-ին Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության այն ժամանակվա կանցլեր Վիլլի Բրանդտը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հրեական գետտոյի զոհերի հուշարձանի առջև ծնկի էր իջել ու ներողություն խնդրել հրեաների ցեղասպանության համար: