Թուրքիայի նոր հարձակումը Սիրիայում կխաթարի տարածաշրջանի կայունությունը. Պետդեպարտամենտ

134

Թուրքիայի ցանկացած նոր հարձակում Սիրիայի հյուսիսում կխաթարի տարածաշրջանի կայունությունը և կսրի իրավիճակը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Մենք շարունակում ենք խորապես անհանգստացած լինել Սիրիայի հյուսիսում ռազմական ակտիվության հնարավոր աճի վերաբերյալ քննարկումներով, մասնավորապես՝ խաղաղ բնակչության վրա դրանց ազդեցությամբ», -ասել է նա և հավել. «Մենք շարունակում ենք աջակցել հրադադարի ներկայիս գծերի պահպանմանը, դատապարտում ենք ցանկացած սրացում, որը կարող է սպառնալ իրավիճակներին: Բոլոր կողմերի համար շատ կարևոր է պահպանել հրադադարի գոտիները»:

Նշենք, որ Թուրքիան 2017 թվականից ի վեր երեք ռազմական գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսային շրջաններում՝ «Եփրատի վահանը», «Ձիթենու ճյուղը» և «Խաղաղության աղբյուրը»։ Դրանց հետևանքով Հալեպի հյուսիսում գտնվող Աազազ և Ջերաբլուս քաղաքների միջև ստեղծվել է անվտանգության բուֆերային գոտի, գրավվել է Աֆրինը, իսկ Եփրատ գետից արևելք գտնվող սահմանային տարածքները վերցվել են վերահսկողության տակ։ Մայիսի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության նախապատրաստման մասին, որի նպատական է 30 կիլոմետրով ընդլայնել անվտանգության գոտին, որը ստեղծվել էր 2019 թվականի հոկտեմբերին «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործողությունը կարող է սկսվել մոտ ապագայում, նախատեսվում է ներգրավել մոտ 50 հազար թուրք զինվորականների և սիրիական զինված ընդդիմության զինյալների, որոնց աջակցում է Անկարան։