Իրաքի Նինվե նահանգում տեղակայված թուրքական Զլիքան ռազմաբազան հրթիռակոծվել է: Տեղեկությունը հայտնում են իրաքյան ԶԼՄ-ները:
Իր հերթին քրդական RUDAW գործակալությունը հայտնել է, որ «Կատյուշա» տեսակի 8 հրթիռ է արձակվել ռազմաբազայի ուղղությամբ:
Տեղական կայքերը հայտնել են նաև, որ Մոսուլ քաղաքի ծայրամասում պայթյունի ձայներ են լսվել։
Հատկանշական է, որ թուրքական ռազմաբազայի շրջակայքը թիրախավորվել էր «Գրադ» տեսակի 4 հրթիռներով:
Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում Անկարան ունի մոտ 40 ռազմական դիտակետ և ռազմաբազա՝ ավելի քան 25 տարի հետապնդելով Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) մարտիկներին, որին Անկարան և նրա արևմտյան դաշնակիցները դասում են «ահաբեկիչների» շարքին:
Վերջերս Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի մեջ Անկարան մեղադրել է PKK-ի զինյալներին՝ ավիահարվածներ հասցնելով Սիրիայի և Իրաքի հյուսիսում տեղակայված խմբավորումներին: