Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն դատարկ հռետորաբանությունը և ավելի շատ հարգեն Իրանին, որն ավագ եղբոր կարգավիճակ ունի: Նման տեսակետ է հայտնել իրանցի փորձագետ Ջալալ Խոշչեհրեյին:
Ըստ փորձագետի՝ Իլհամ Ալիևը պետք է դուրս գա վերջին երկու տարիների մեծամտության պատրանքից:
«Եթե ղարաբաղյան պատերազմն ուղեկցվեց կողմերի անհավասար պայմաններով և որոշ միավորներ բերեց Բաքվին, ապա դա տեղի ունեցավ այլ վայրում, ժամանակում և իրավիճակում, որը երբեք չի համեմատվի Իրանի վերաբերյալ Ալիևի ներկայիս հռետորաբանության հետ»,- Խոշչեհրեյիի խոսքերը մեջբերում է իրանական Ebtekar օրաթերթը:
Փորձագետը դատապարտելի է համարել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումը՝ հավելելով, որ դա չպետք է առիթ հանդիսանա այն արկածախնդրությունների շարունակման համար, որոնք տեղի են ունենում արցախյան 44-օրյա պատերազմից հետո։
«Ադրբեջանի իշխանությունների նման արբեցած պահվածքը վարկաբեկում է իրենց ավագ եղբորը [խմբ.՝ Իրանին], Բաքվի իշխանությունները կարծես աչք են փակել փաստերի վրա և Իրանի նկատմամբ տարածքային պահանջներ են ներկայացնում»,- շեշտել է փորձագետը:
Խոշչեհրեյիի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները որոշ ուժերի օժանդակությամբ Հարավային Կովկասում քաոս և անկայունություն են ստեղծում՝ վարքագիծ, որի հետևանքները պատշաճ կերպով չեն հասկանում։