Իսրայելական բանակը հայտարարեց, որ սեպտեմբերի 27-ին Բեյրութում «Հեզբոլլահ»-ի գլխավոր շտաբի վրա հարձակման ժամանակ սպանել է կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլահին։ Ավելի ուշ «Հեզբոլլահ»-ը հաստատեց իրենց շարժման առաջնորդի զոհվելու մասին լուրերը և ընդգծեց, որ «Նասրալլահի մահը միայն կամրապնդի դիմադրությունը»։
«Մենք ցավակցություն ենք հայտնում և շնորհավորանքներ նրա զինակից նահատակներին, որոնք միացել են նրա մաքուր և սուրբ երթին սիոնիստների ուխտադրուժ հարձակումից հետո հարավային արվարձանի դեմ»,- ասվել է շարժման հայտարարությունում։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 31-ին Թեհրանում նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունից հետո սպանվեց պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության՝ հարվածը հասցվել էր Հանիեի կեցության վայրին, նրա հետ միասին սպանվել էր նաև թիկնապահներից մեկը։ Թուրքիայի թե՛ իշխանական, և թե՛ ընդդիմադիր շրջանակները կատարվածի առնչությամբ մեղադրեցին Իսրայելին։ Անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց ունեցավ Հանիյեի կնոջ և երեխաների հետ՝ վերջիններիս հայտնելով իր ցավակցությունները։
Ի՞նչ արձագանք գտավ Նասրալլահի սպանության լուրը Թուրքիայում։ Կատարվածի առնչությամբ ու՞մ են մեղադրում Թուրքիայի քաղաքական շրջանակները։
«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահի սպանության կապակցությամբ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը, քրդամետ ընդդիմադիր DEM կուսակցությունը, «Ազատ գործ» կուսակցությունը (Huda-Par), Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը (TIP), Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը (TKP), «Ձախ» (SOL), «Երջանկություն» (Saadet), «Ապագա» (Gelecek) և «Հայրենիք» (Vatan) կուսակցությունները ցավակցական ուղերձներ են հրապարակել։ Սակայն միջադեպի վերաբերյալ ոչ մի արձագանք չի եղել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) և «Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը համարվող Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP/ Թուրքիայի իշխող կուսակցության՝ ԱԶԿ-ի հետ կազմում է «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքը) կողմից։
DEM կուսակցության համանախագահներ Թուլայ Հաթիմօղուլլարը և Թունջեր Բաքիրհանը սոցցանցում գրել են․ «Մենք դատապարտում ենք Բեյրութում իսրայելական հարձակման հետևանքով Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունը։ Լիբանանում կիբեր հարձակումներից հետո Իսրայելի վերջին գործողությունները, որոնք ուղղված են «Հեզբոլլահի» հրամանատարությանը, այլ արդյունք չեն ունենա, քան տարածաշրջանային ճգնաժամի խորացումը»:
«Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը Նասրալլահի մասին իր հայտարարության մեջ նշել է. «Հասան Նասրալլահն ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ կռվող ողջ մարդկության նահատակն է»։
Թուրքիայի նախագահը կատարվածի առնչությամբ X հարթակում գրառում է արել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։ «Լիբանանը և լիբանանցի ժողովուրդն Իսրայելի ցեղասպանության, օկուպացիայի ու ներխուժման քաղաքականության նոր թիրախն են, որը նա իրականացնում է հոկտեմբերի 7-ից (2023թ․): Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Իսրայելի դաժան հարձակումների արդյունքում շատ լիբանանցիներ են սպանվել այդ թվում՝ երեխաներ։ Խիղճ ունեցող ոչ ոք չի կարող ընդունել, արդարացնել կամ արդարացնել նման կոտորածը։ Իսրայելի կառավարությունն ավելի անխոհեմ է դառնում, քանի որ երես է առնում այն տերությունների կողմից, որոնք զենք և զինամթերք են ապահովում նրա ջարդերին. Նա մարտահրավեր է նետում ողջ մարդկությանը, մարդկային արժեքներին և միջազգային իրավունքին: Մենք կոչ ենք անում բոլոր կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին, որոնց պարտականությունն է ապահովել գլոբալ խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, շտապ գործի անցնել։
Նրա կարծիքով՝ իսլամական աշխարհը պետք է ավելի վճռական դիրքորոշում ցուցաբերի այս հարձակումների դեմ: Նա նշել է, որ Թուրքիան այս դժվարին օրերին կշարունակի լինել Լիբանանի ժողովրդի և կառավարության կողքին։ «Մեկ անգամ ևս դատապարտում ենք Իսրայելի անմարդկային հարձակումները Լիբանանի դեմ. Թող Աստված ողորմի մեր բոլոր լիբանանցի եղբայրներին, ովքեր զոհվեցին հարձակումների ժամանակ, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-գրել է նա։
Թուրքական մամուլը հետևյալ գլխագրերով է արձագանքել Էրդողանի ցավակցական հայտարարությանը․ «Էրդողանը արձագանքել է Լիբանանի վրա Իսրայելի հարձակմանը, սակայն չի նշել Հասան Նասրալլահի անունը», «Էրդողանի Հասան Նասրալլահի անունը չհիշատակելու պատճառը թաքնված է սիրիական քաղաքացիական պատերազմում», «Էրդողանն իր ցավակցությունն է հայտնել Լիբանանին՝ չհիշատակելով Նասրալլահին»։
Ի՞նչու Թուրքիան նույն կերպ չարձագանքեց Նասրալլահի սպանությանը, ինչպես, որ արձագանքել էր Հանիյեի մահափորձին
Նշենք, որ Էրդողանի վարչակազմի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի հարաբերությունները հատկապես վատթարացել էին սիրիական քաղաքացիական պատերազմի շուրջ կողմերի տարբեր դիրքորոշումների պատճառով։ Հատկանշական է, որ 2013թ․ այդ ժամանակվա Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հետևյալ կերպ էր քննադատել Հեզբոլլահին՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմում Ասադին աջակցելու համար․ Այստեղից ևս մեկ անգամ ասում եմ շատ պարզ ու շատ հստակ․ Հեզբոլլահ»-ը պետք է փոխի իր անունը և դարձնի՝ «Հեզբուշշեյթան» (Սատանայի զինվորներ, աջակիցներ-թրգմ․)։
Հարկ է ընդգծել նաև, որ Էրդողանի արձագանքը որոշակի կրոնադավանանքային ուղղվածության տողատակ է պարունակում։ Բացի այն, որ Թուրքիայի իշխանությունները քաղաքական առումով տարաձայնություններ են ունեցել այս շարժման հետ, կրոնական առումով «Հեզբոլլահ»-ը շիայական արմատական շարժում է և վերջինիս առաջնորդը նույնպես շիա մուսուլման էր։ Իսկ «ՀԱՄԱՍ» արմատական շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սուննի իսլամի հետևորդ էր։ Էրդողանի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ նա Նասրալլահի սպանությունը Լիբանանի շարքային քաղաքացու սպանություն է համարում և հարկ չի համարում անդրադառնալ այդ թեմային։ Իսկ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի և ազգայնական թևի պասիվ կեցվածքը կարելի է դիտարկել Թուրքիայի ընդհանուր քաղաքական գծի շրջանակում։
Հեղինակ` թուրքագետ ԷԼԵՆ ՔՈՔՉՅԱՆ