Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի ունեցավ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային կարևոր հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները, ովքեր համատեղ հայտարարություն են ընդունել՝ ընդգծելով համագործակցության կարևորությունը ներկայիս բարդ իրավիճակներում:
Հանդիպման ժամանակ ուշադրություն դարձվեց Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական զարգացման հարցերին:
Հարկ է նշել, որ հարթակի երրորդ հանդիպումը որոշակի դրական արդյունքներ ունեցավ, սակայն միևնույն ժամանակ ցույց տվեց, որ տարածաշրջանում դեռևս առկա են լուրջ տարաձայնություններ և մարտահրավերներ:
Նախ, դրական է այն, որ բոլոր կողմերը վերահաստատել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի նորմերի կարևորությունը: Սա կարող է նպաստել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և երկխոսության խթանմանը:
Նախարարները միաձայն ընդգծել են, որ անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը «3+3» ձևաչափի շրջանակներում, ինչը ենթադրում է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական համագործակցություն, մշակութային կապեր և մարդկանց միջև շփումների խթանում։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ տարածաշրջանի երկրները գիտակցում են երկխոսության և համագործակցության կարիքը, որպեսզի կանխեն հակամարտությունները և կառուցեն վստահության միջավայր։
Կարևոր էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթը, որտեղ վերջինս անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ վերահաստատելով ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի տեսլականն ու դիրքորոշումը։
Սակայն, չնայած այս դրական ազդակներին, հանդիպումը ցույց տվեց նաև մի շարք խնդիրների առկայությունը: Մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցը մնում է չլուծված և շարունակում է լարվածության աղբյուր հանդիսանալ: Այս առումով հանդիպումը որևէ առարկայական առաջընթաց չգրանցեց։
Չնայած Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանը ևս մեկ անգամ շեշտեց Թուրքիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին, ինչպես նաև պատրաստակամությունը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը, այնուամենայնիվ, Թուրքիան մյուս կողմից շարունակում է հայ-թուրքական կարգավորումը կապել հայ-ադրբեջանական կարգավորման հետ՝ փորձելով հնարավորինս զիջումներ կորզել Հայաստանից։
Ուշագրավ էր նաև այդ օրերին Ստամբուլում խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատաման վերաբերյալ Ադրբեջան-Հայաստան բանակցությունների հերթական փուլի անցկացումը։ Սրանով Թուրքան կարծես թե վերահաստատում է հայ-ադրբեջանական գործընթացում իր՝ միջնորդ դառնալու նկրտումները, ինչը սակայն Հայաստանի շահերի տեսանկյունից խնդրահարույց կարող է լինել՝ հաշվի առնելով վերջինիս այս հարցում ծայրահեղ կողմնակալ դիրքորոշումը։