Թուրքիայի և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) միջև ցանկացած խաղաղ բանակցություն, ամենայն հավանականությամբ, կձախողվի, եթե Թուրքիան պնդի սիրիական քրդերի ինքնակառավարման վերացման հարցում: Այս մասին ասել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) գլխավոր հրամանատարը Al-Monitor-ի հետ հարցազրույցում, փոխանցում է Turkish Minute-ը։ Օրերս Թուրքիայի իշխող կոալիցիայից MHP-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին առաջարկել էր ձիթենու ճյուղ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին՝ առաջարկելով նրան գալ խորհրդարան՝ հրաժարվելու ահաբեկչությունից և ցրելու իր կուսակցությունը: Մեկ օր անց Օջալանը, որը 1999 թվականից գտնվում է թուրքական բանտային կղզում, 2020 թվականից ի վեր առաջին անգամ տեսակցել էր իր ընտանիքի անդամներին։ SDF-ի հրամանատար Մազլում Աբդին ասել է, որ Անկարայի և PKK-ի միջև խաղաղության բոլոր ջանքերը կտապալվեն, եթե Թուրքիան շարունակի կոչ անել դադարեցնել սիրիական քրդական ինքնավարությունը:
Նա զգուշացրել է, որ ինքնավար վարչակազմի կարգավիճակի վերացումը կհանգեցնի ձախողման՝ ընդգծելով, որ Թուրքիայի քրդական հարցի խաղաղ լուծումը լայնածավալ, դրական ազդեցություն կունենա Սիրիայի և տարածաշրջանի քրդերի վրա։ «Թուրքիայի քրդական խնդիրը պետք է լուծվի, առաջին հերթին, Թուրքիայի սահմաններում։Մենք ամբողջ սրտով աջակցում ենք Թուրքիայում քրդական խնդրի խաղաղ կարգավորմանը»,- ասել է Աբդին։
Նա հավելել է, որ ներթուրքական խաղաղությունը ճանապարհ կհարթի SDF-ի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավման համար և, հնարավոր է, կհեշտացնի SDF-ի և սիրիական կառավարության միջև ապագա համաձայնությունը: Խոսելով հյուսիսարևելյան Սիրիայից՝ Աբդին հերքել է Թուրքիայի մեղադրանքները, որ իր վարչակազմը ներգրավված է եղել հոկտեմբերի 23-ին PKK-ի զինյալների կողմից թուրքական պետական ռազմական համալիրի վրա հարձակման մեջ, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ։
Փոխարենը նա պնդել է, որ Թուրքիայի վերջին ավիահարվածները Սիրիայի հյուսիս-արևելքում նպատակ են ունեցել քայքայել քրդերի գլխավորած ինքնավար վարչակազմը, որը ստեղծել են իր ուժերը: Թուրքական իշխանությունները SDF-ին մեղադրում են PKK-ի պրոքսին լինելու մեջ, որն Անկարան որակում է որպես ահաբեկչական խմբավորում։ Նրանք այժմ SDF-ին կոչ են անում ցրել Սիրիայում ռազմական և քաղաքական կառույցը, որը PKK-ի հետ խաղաղ բանակցությունների առանցքային մասն է:
Աբդին ասել է, որ Թուրքիայի իրական նպատակը Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի գլխավորած կառավարման համակարգը ոչնչացնելն է, որը տեղում հայտնի է Ռոժավա անունով։ Ադբին հայտնել է, որ թուրքական հարձակումները 5-րդ օրն է՝ շարունակվում են, որոնց հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, մեծ մասը՝ քաղաքացիական անձինք, ավելի քան 50 մարդ վիրավորվել է։ Քուրդ հրամանատարը նշել է, որ հարձակումները ներառում են հրետանային գնդակոծություն և օդային հարվածներ F-16 կործանիչների և անօդաչու թռչող սարքերի կողմից՝ թիրախավորելով Ռոժավայում քուրդ խաղաղ բնակիչների առօրյա կյանքի համար կենսական նշանակության ենթակառուցվածքները: Նա հավելել է, որ SDF-ն անուղղակիորեն հաղորդակցվել է միջնորդների միջոցով, այդ թվում՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչների, պահանջելով դադարեցնել թուրքական ագրեսիան: Աբդին հույս ունի, որ արևմտյան դաշնակիցները կճնշեն Թուրքիային՝ ստիպելով դադարեցնել հարձակումները: Նա նաև քննադատել է Ռուսաստանին և սիրիական ռեժիմին նվազագույն միջամտության համար։
«Ռուսները նույնպես բավականաչափ չեն անում։ Ինչ վերաբերում է ռեժիմին, ապա նրանք ընդհանրապես ոչինչ չեն անում»,- ասել է նա լրատվամիջոցին:
Շահարկումների ֆոնին, որ Թուրքիայի կողմից PKK-ի հետ խաղաղ բանակցությունները կարող են հանգեցնել քրդական հակամարտության ավելի լայն լուծման, Աբդին ընդգծել է, որ Անկարայի պայմանները պետք է հարգեն սիրիացի քրդերի ինքնակառավարման կարգավիճակը, որպեսզի բանակցությունները հաջողության հասնեն: Նա նաև մերժել է այն գաղափարը, որ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը պետք է հրամայի սիրիացի քրդերին լուծարել իրենց ինքնավար վարչակազմը՝ ի պատասխան Թուրքիայի պահանջների: «Օջալանը երբեք մեզ նման պահանջ չէր ներկայացնի»,- նշել է Աբդին: Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի