Հայ-իրանական քաղաքական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, բայց տնտեսական կապերի առումով դեռ կա չօգտագործված հսկայական ներուժ, և այդ ուղղությամբ պետք է կատարվեն զգալի աշխատանքներ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց հայ-իրանական բարեկամության միության նախագահ, Թավրիզի առևտրական պալատի հայկական բաժնի տնօրեն Ալիռեզա Նազիֆը՝ անդրադառնալով հայ-իրանական փոխգործակցության ներկա փուլին։
«Մեր միությունը կապեր ունի աշխարհի 60-70 երկրների հետ, աշխատում ենք հիմնականում ՀԿ-ների միջոցով և փորձում նպաստել մասնավորապես հայ-իրանական կապերի զարգացմանը։ Հայ-իրանական միությունը շատ երկրների նմանատիպ կառույցների համատեքստում առաջին շարքում է։ Քանի որ մենք պետական կազմակերպություն չենք, ավելի ազատ ենք ու կարող ենք անկաշկանդորեն սերտ կապեր հաստատել տարբեր կրթամշակութային և առևտրային կենտրոնների հետ։ Ցավալի է, որ լինելով դրկից երկրներ՝ տնտեսության մեջ դեռ ունենք չիրացված մեծ ներուժ, դեռ ամբողջությամբ չենք բացահայտել միմյանց»,- ասաց Ալիռեզա Նազիֆը։
Նրա խոսքով՝ Հայաստանից եղել են պատվիրակություններ, որոնք, հատելով Իրանի սահմանը, զարմանքով նշել են, թե ինչպիսի հրաշալի ենթակառուցվածքներ կան հարևան երկրում, թեև նախապես ունեին բոլորովին այլ կարծիք իրանական կողմի հնարավորությունների մասին։
«Հաշվի առնելով մեր դարավոր բարեկամությունը՝ հայ-իրանական հարաբերություններն ու հատկապես մասնավոր ընկերությունների կապերը դրանից պետք է ավելի բարձր լինեն։ Իմ կարծիքով՝ մեր երկրների միջև 700 միլիոն դոլարի ապրանքաշրջանառությունը բավականին փոքր է։ Հայաստանի ու Իրանի ղեկավարները սահմանել են 3 միլիարդ դոլարի շեմ, ուստի պետք է նպաստենք այդ նպատակի իրականացմանը։ Հաշվի առնելով իրանական Ատրպատականի ներուժը՝ մենք կարող ենք Հայաստանի հարավում իրականացնել համատեղ ծրագրեր։ Ճիշտ է, տարեցտարի ապրանքաշրջանառության աճը նկատելի է, եթե մի քանի տարի առաջ ցուցանիշը 300 միլիոն դոլար էր, ապա այսօր արդեն 700 միլիոն է, սակայն մենք կարծում ենք, որ այդ ցուցանիշը կարող է շատ ավելի մեծ լինել»,- ասաց Ալիռեզա Նազիֆը։
Նա հավելեց, որ իրանական Ատրպատականում ունեն ազատ տնտեսական գոտի և հիշեցրեց, որ 2016-17 թվականներին նման գոտի ստեղծվեց նաև Մեղրիում, հետևաբար հայ-իրանական ընկերությունները պետք է ակտիվ գործունեություն ծավալեն՝ առևտրային կապերը զարգացնելու համար։
«Ցավոք, շատ պայմանավորվածություններ, որոնք փոխգործակցության համատեքստում ձեռք բերվեցին երկու տնտեսական գոտիների միջև, մնացին թղթի վրա։ Ակնկալում ենք, որ նոր պայմաններում համագործակցությունը թղթից կվերածվի իրական գործի։ Պետք է համատեղ ջանքերով սկսենք իրականացնել մեգա ծրագրեր Հայաստանի հարավում։ Քանի որ Հյուսիս-Հարավ ճանապարհի 30 կիլոմետր ձգվող հատվածի շինաշխատանքներում ներգրավված են երկու իրանական կազմակերպություններ, հետևաբար Մեղրիի անցակետի բարեկարգման գործում նույնպես պետք է մասնակցություն ունենա իրանական կողմը։ Եթե դիտարկում ենք, որ Հայաստանն Իրանի համար դարպաս է դեպի Եվրոպա, ապա իրականացվող ծրագրերի ծավալն ու առաջընթացը դեռ բավարար չեն։ Իրանական Ատրպատականում կան ճանապարհաշինարարության մեջ հմտացած և բարձրորակ ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք, ցավոք, բավարար կերպով ճանաչված չեն Հայաստանում»,- նշեց մեր զրուցակիցը։
Ալիռեզա Նազիֆի խոսքով՝ տարբեր երկրներից բազմաթիվ կազմակերպություններ այնտեղ արդեն իսկ կատարել են ներդրումներ, մինչդեռ հարևանությամբ գործող հայկական կազմակերպություններ չկան և լավագույնս ներկայացված չեն ազատ տնտեսական գոտում։ Ըստ նրա՝ լրատվամիջոցները պետք է երկուստեք հնարավորինս լավ ներկայացնեն չբացահայտված ներուժը։
Մեր զրուցակցի կարծիքով՝ մեգա ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր ճանապարհները բացվեն, և այդ տեսանկյունից ողջունելի է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, սակայն նա համոզմունք հայտնեց, որ հաղորդակցության ուղիները պետք է վերահսկվեն ինքնիշխան պետությունների կողմից, որոնց տարածքով անցնում են՝ համարվելով այդ երկրների տարածքային ամբողջականության բաղադրիչը, հետևաբար որևէ հատված չպետք է լինի պետությունների շահերի բախման ասպարեզ, այլ շահագործվի փոխադարձ հարգանքի սկզբունքով և հավասար պայմաններով։