Մենք Իրանում ադրբեջանական փոքրամասնություն չունենք. մենք ունենք իրանցիներ, ովքեր խոսում են ադրբեջաներեն: Այս մասին regionmonitor.com կայքի հետ զրույցում ասել է Իրանի Ալլամե Թաբաթաբայի համալսարանի դասախոս, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը:
Նա նաև հավելել է, որ Ալիևը փորձում է իր երկրում և Իրանի ադրբեջանցիների համար ստեղծել նոր, ոչ իսկական մոդել և աղավաղել իսկական ադրբեջանական մշակույթը։ Եթե այս մոդելի հակասությունն իրանական քաղաքակրթության հետ սրվի, ապա և՛ Իրանի ադրբեջանցիները, և՛ բոլոր իրանցիները բացասաբար կարձագանքեն:
Հարցազրույցը՝ ստորև.
–Ինչպե՞ս են Ադրբեջանն ու Իրանը վերաբերվում իրենց քաղաքական տարաձայնություններին այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Կասպից ծովի կարգավիճակը կամ էթնիկ փոքրամասնությունների, մասնավորապես Իրանում ադրբեջանական բնակչության դերը:
-Կասպից ծովի հետ կապված քննարկումները վերաբերում են բոլոր հինգ հարևան երկրներին, և այդ հարցերը սովորաբար բարձրացվում ու լուծվում են բանակցությունների ձևաչափով: Էթնիկ խնդիրներն ազգային շահերի հետ կապելը նույնպես սխալ ու ապակողմնորոշիչ քննարկում է։ Ազգային շահերի հետ կապված քննարկումներում ազգային պատկանելությունը դեր չի խաղում, իսկ ազգային շահերը ազգային պատկանելությամբ չեն նվազում։
Իրանի արտաքին քաղաքականության մոդելն ակտիվ դիվանագիտական ճանապարհով հարևանների հետ հարաբերությունների բարելավումն է, ինչպես Բաքվի, այնպես էլ մյուս հարևանների հետ կարծիքների և տեսակետների փոխանակմամբ: Սակայն սիոնիստական ռեժիմի հետ Բաքվի լայնամասշտաբ հարաբերությունների, կեղծ Զանգեզուրի միջանցքի հարցում նրա քաղաքականության և Թյուրքական պետությունների կազմակերպությունում նրա ներկայության հետևանքով որոշ գործողությունների պատճառով Բաքուն չի կարողացել խոր փոխգործակցություն ունենալ Իրանի հետ և ապագայում կարող է պարտվել: Սա ճիշտ է բոլոր հարևանների համար, և ցանկացած հարևան, որը ոչ բարեկամական քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ, չի կարող օգտվել ուժեղ, կայուն և խաղաղասեր Իրանի հետ համագործակցության առավելություններից։
–Ադրբեջանը պնդում է, որ Իրանում կա ադրբեջանական մեծ համայնք, և երկու երկրներն ունեն խոր մշակութային և լեզվական կապեր: Ինչպե՞ս են Իրանում ազգային ինքնության և տարբեր էթնիկ խմբերի իրավունքների խնդիրներն ազդում Ադրբեջան-Իրան քաղաքական հարաբերությունների վրա:
-Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող ադրբեջանցիները կապեր ունեն Իրանի հետ: Այդ տարածաշրջանը նույնպես եղել է իրանական քաղաքակրթության մաս։ Իրանում բոլորն իրենց իրանցի են համարում, իսկ Իրանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն իր համար էթնիկ ինքնություն չի սահմանում։ Մենք այլ երկրների հետ մեր հարաբերությունները կարգավորում ենք՝ ելնելով իրանցի լինելուց, իսկ Իրանում ինքնության հիմքը ազգությունն է, ոչ թե էթնիկ պատկանելությունը, իսկ մեր ազգությունն իրանականն է։ Ադրբեջանի Հանրապետությունում ադրբեջանցիների ներկայությունը դրական գործոն է և կարող է ընդհանուր գործոն դառնալ երկու երկրների միջև հարաբերությունները խթանելու համար։ Ինչպես Իրանում ապրող հայերը դարձել են երկու երկրների միջև հարաբերությունները խթանող ընդհանուր գործոն։ Հետևաբար, սրանք ընդհանրության տարրեր են, այլ ոչ թե տարբերակման:
Օրինակ՝ Իրանը Սաուդյան Արաբիայի ժողովրդի մուսուլման լինելու հանգամանքը համարում է ընդհանրության և հարաբերությունների ընդլայնման, այլ ոչ թե տարբերակման գործոն։ Հայաստանից դուրս գտնվող 9 միլիոնանոց հայկական սփյուռքը նույնպես ընդհանրության գործոն է և դրական ազդեցություն ունի այս երկրի ապագայի և արտաքին հարաբերությունների զարգացման վրա։ Ուստի, Իրանի ժողովրդի հետ ադրբեջանական ժողովրդի ընդհանուր լեզուն, բարքերը և սովորույթները կարող են մերձեցնել այդ երկու երկրներին:
Նկատենք նաև, որ Իրանի ադրբեջանցիներն իրենց նախ իրանցի են համարում, հետո՝ ադրբեջանցի։ Ի տարբերություն որոշ եվրոպական երկրների՝ Իրանն իր որոշ քաղաքացիների փոքրամասնություններ չի անվանում։ Իրանի ադրբեջանցիների համար փոքրամասնություն տերմինն օգտագործելն ամենևին էլ ճիշտ տերմին չէ։ Մենք Իրանում ադրբեջանական փոքրամասնություն չունենք. մենք ունենք իրանցիներ, ովքեր խոսում են ադրբեջաներեն։ Մենք ազգային պատկանելություն չունենք փոքրամասնության խմբի իմաստով, որն ունի ավանդույթներ և մշակույթ՝ առանձնացված Իրանի մնացած ժողովուրդներից: Իրանական բոլոր խմբերը միասին են ապրել հազարավոր տարիներ, և բոլոր իրանցիների ավանդույթներն ու բարքերը նման են և նույնական: Իրանցի լինելու չափանիշն այն չէ, որ մենք բոլորս խոսում ենք նույն լեզվով։ Իրանցի լինելու չափանիշը ընդհանուր պատմական հիշողությունն է և ընդհանուր սովորույթները, նորմերն ու արժեքները:
Իրանի ադրբեջանցիների և այլ իրանցիների միջև նորմատիվային, մշակութային և քաղաքակրթական ցուցանիշները լիովին նման են։ Սակայն Իրանում այս նորմերի, սովորույթների ու ավանդույթների և Ադրբեջանի Հանրապետության բնակիչների մշակույթի ու քաղաքակրթության միջև տարբերությունը մեծանում է Ալիևի կառավարության հատուկ գործողությունների պատճառով, իսկ աշխարհիկությունը, վահաբականությունը և սիոնիզմը մեծացնում են իրենց ազդեցությունն Ադրբեջանի Հանրապետությունում:
Ալիևը փորձում է իր երկրում և Իրանի ադրբեջանցիների համար ստեղծել նոր, ոչ իսկական մոդել և աղավաղել իսկական ադրբեջանական մշակույթը։ Եթե այս մոդելի հակասությունը մեր իսկական քաղաքակրթության հետ սրվի, ապա և՛ Իրանի ադրբեջանցիները, և՛ բոլոր իրանցիները բացասաբար կարձագանքեն, իսկ Իրանի Արդաբիլ քաղաքի ուրբաթօրյա աղոթապետի (Հասան Ամելի) վերջին բացասական արձագանքն Ադրբեջանում սիոնիսնտների ներկայության մեծացման վերաբերյալ, դրա մասին է վկայում:
Եթե Իրանի ժողովուրդը զգա, որ Բաքվի կեղծ մոդելավորումը վտանգ է դառնում Իրանի համար, իրանցիները կպաշտպանեն Իրանը համահունչ և ինտեգրված կերպով։ Թույլ տվեք հիշեցնել, որ իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Իրանի Խուզեստան նահանգի արաբները չէին աջակցում Սադամ Հուսեյնին, թեև ընդհանուր լեզու ունեին իրաքցիների հետ։ Փոխարենը նրանք իրանական այլ խմբավորումների կողքին կռվեցին Սադամի դեմ: Այս պատմական օրինակը վկայում է, որ իրանցիներն առաջին հերթին մտածում են ազգության մասին, և Իրանի թշնամիները չեն կարող փոխել այս իրավիճակը։ Այսօր որոշ երկրներում՝ Աֆղանստանում և Իրաքում առկա խնդիրների պատճառը ազգային ինքնության նկատմամբ էթնիկական, ռասսայական, կրոնական ինքնության գերակայությունն է: Հայաստանը նույնպես պետք է զգոն լինի նման դավադրությունների նկատմամբ, քանի որ որոշ երկրներ փորձում են փոխել այս երկրի ինքնությունը, կրոնական և քաղաքակրթական ամբողջականությունը:
Հարցազրույցի առաջին հատվածը կարող եք կարդալ այս հղումով: