Արդեն գրեթե 3 ամիս է, ինչ Վրաստանում շարունակվում են հակակառավարական ցույցերը։ Լայնածավալ բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը որոշում ընդունեց սառեցնել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները:
Թեմայի շուրջ զրուցել ենք Վրաստանի հարցերով փորձագետ Էդվարդ Բերուջանյանի հետ:
-Ի՞նչն էր պատճառը, որ ընտրություններից անմիջապես հետո իշխող ուժը հայտարարեց ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները մինչև 2028թ․ հետաձգելու մասին։
-Վրաստանում արդեն երեք ամսից ավելի շարունակվում են բողոքի ցույցերը՝ սկսած զանգվածային հանրահավաքներից մինչև ավելի սահմանափակ խմբային գործողություններ։ Ժամանակագրորեն բողոքի ցույցերը կարելի է բաժանել երկու փուլի։ Առաջինը սկսվեց 2024 թ. հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, որոնք ընդդիմության և որոշ ընտրողների համար կասկածելի թվացին։ Այդ փուլում բողոքի ակցիաներին հիմնականում մասնակցում էին ընդդիմադիր ուժերը և ուսանողները՝ կենտրոնանալով Թբիլիսիում։
Երկրորդ փուլը, որը ընդգրկեց ավելի լայն զանգվածներ, սկսվեց նոյեմբերի 28-ին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականը դադարեցնում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները։ Չնայած հարաբերությունների լարվածությանը Արևմուտքի, հատկապես՝ Եվրամիության հետ, «Վրացական երազանքը» երբեք չի հայտարարել, որ հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու նպատակից։ Ընդհակառակը, իշխանությունները պնդում են, որ երկիրը շարունակում է առաջընթաց գրանցել և 2030 թվականին կդառնա ԵՄ անդամ։ Սակայն բանակցությունների դադարեցումն ու դրա անհավանական ժամկետները բողոքի նոր ալիք առաջացրին, որն ուղեկցվում է ուժային կառույցների ճնշումներով։ Իրականում, այս քայլը նպատակ ուներ մեղմել ներքին ճնշումը և նվազեցնել ԵՄ-ից հնարավոր նոր պահանջները՝ կապված ժողովրդավարական բարեփոխումների հետ։
-Արտաքին ազդեցություն կամ միջամտություն կա՞ բողոքի ակցիաներին։
-Վրաստանում ընթացող բողոքի ակցիաների համատեքստում շրջանառվում են կարծիքներ, որ որոշ արտաքին ուժեր կարող են ներգրավված լինել։ Սակայն այս միջամտության վերաբերյալ կոնկրետ ապացույցներ սահմանափակ են, և թեման շարունակում է քննարկվել թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակներում։ Վրաստանի իշխանությունները պնդում են, որ բողոքի ցույցերը հրահրվում են դրսի ազդեցությամբ, սակայն այս պնդումը մնում է առանց համոզիչ փաստերի։
Ակնհայտ է, որ բողոքի ցույցերը ծագել են ներքին քաղաքական ճգնաժամի և ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության դժգոհության արդյունքում։ Այնուամենայնիվ, Արևմուտքը ակնհայտորեն ակտիվ ներգրավվածություն ունի ընդդիմադիր բողոքի ցույցերին։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են իրենց աջակցությունը քաղաքացիական հասարակությանը և ընդդիմությանը՝ քննադատելով իշխանության գործողությունները։ Արևմտյան դեսպանատները, միջազգային կազմակերպությունները և իրավապաշտպան խմբերը նույնպես աջակցություն են հայտնում ցուցարարներին՝ պնդելով, որ Վրաստանի ժողովրդավարական ուղին պետք է պահպանվի։ Սա հնարավորություն է տալիս բողոքի ցույցերը որպես արտաքին ազդեցության դրսևորում ներկայացնելու։
-Իշխող ուժը հայտարարել է նաև, որ առաջիկա երկու ամիսներին խորհրդարանում կներկայացվեն օրինագծեր, որոնք, ըստ «Վրացական երազանք»-ի, արդյունավետ կզսպեն դրսից ֆինանսավորվող ուժերի ապակայունացնող փորձերը, այսինքն՝ սահմանափակվելու են ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների օտարերկրյա ֆինանսավորումը։ Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանության այս հապշտապ քայլերը։
-Ընդդիմադիր դիրքորոշում ունեցող լրատվամիջոցների դեմ առաջին խիստ քայլը կատարվեց անցյալ գարնանը, երբ ընդունվեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որը դիտարկվեց որպես մամուլի ազատության սահմանափակման գործիք։ Այժմ «Վրացական երազանքը» նախաձեռնել է նոր օրինագծեր, որոնք սահմանափակում են ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների օտարերկրյա ֆինանսավորումը։
Պաշտոնապես, կառավարությունը պնդում է, որ այս միջոցները անհրաժեշտ են երկրի ներքին կայունությունն ապահովելու և արտաքին ազդեցությունը նվազեցնելու համար։ Սակայն ընդդիմադիրները և միջազգային կազմակերպությունները մտահոգված են, որ դրանք կարող են լրջորեն խաթարել խոսքի ազատությունը և քաղաքացիական հասարակության գործունեությունը՝ խոչընդոտելով ժողովրդավարական գործընթացներին։
Իշխանությունը, վերահսկելով հիմնական հեռուստաալիքները, ձգտում է չեզոքացնել ընդդիմադիր ու քննադատական ձայները՝ օրենսդրորեն սահմանափակելով նրանց ֆինանսավորման աղբյուրները։ Նման օրինագծերի արագ առաջմղումը վկայում է այն մասին, որ իշխանությունն ակնկալում է բողոքի նոր ալիքներ և փորձում է կանխարգելել դրանց կազմակերպչական կարողությունները։
-Այդ ցույցերը ի՞նչ ազդեցություն ունեն Վրաստանի տնտեսության վրա։
-Շարունակվող բողոքի ակցիաները բացասական ազդեցություն են ունենում Վրաստանի տնտեսության վրա՝ խաթարելով ներդրումային միջավայրը և տուրիզմի զարգացումը։ Անվտանգության հետ կապված մտահոգությունները կարող են նվազեցնել օտարերկրյա ներդրումները, իսկ անկայունությունը կարող է խոչընդոտել տնտեսական բարեփոխումների իրագործմանը և դանդաղեցնել տնտեսական աճը։
Օտարերկրյա ներդրումները կրճատվում են, քանի որ քաղաքական անկայունությունը ռիսկային է դարձնում բիզնես միջավայրը։ Զբոսաշրջության ոլորտում կորուստներն էլ ավելի են խորացնում տնտեսական ճնշումները, քանի որ Վրաստանը կախված է տուրիզմի եկամուտներից։ Ավելին, քաղաքական անկայունությունը հանգեցնում է վրացական լարիի արժեզրկմանը՝ բարձրացնելով գնաճն ու ապրանքների գները։
Միևնույն ժամանակ, Վրաստանը շարունակում է զարգացնել տնտեսական կապերը Չինաստանի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Մասնավորապես, Միջին միջանցքի ծրագրի շրջանակներում խորացվում է համագործակցությունը, իսկ ԱՄԷ-ի հետ ներդրումային նախագծերը կարող են մեղմել արևմտյան ներդրումների հնարավոր նվազման ազդեցությունը։
Չնայած Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Վրաստանը շարունակում է մնալ կախված ռուսական շուկայից։ Ռուսաստան արտահանվում են վրացական ապրանքներ, այդ թվում՝ գինի, հանքային ջրեր և գյուղատնտեսական մթերքներ։ Այս տնտեսական կախվածությունը Վրաստանի համար կարևոր գործոն է, քանի որ ցանկացած լարվածություն առևտրային հարաբերություններում կարող է բացասաբար ազդել արտահանման վրա։
Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիաները տնտեսության վրա բացասական ազդեցություն են ունենում, սակայն «Վրացական երազանքի» իշխանության պրագմատիկ քաղաքականությունը հնարավորություն է ստեղծում այլընտրանքային տնտեսական ուղիների զարգացման համար՝ խթանելով համագործակցությունը Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի և այլ գործընկերների հետ։